Է. Շարմազանով. Երկխոսությունը կշարունակվի
«Սեպտեմբերի 3-ին, նախագահի հնչեցրած հայտարարությունը՝ Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ մտադրության մասին, սկզբնական շրջանում զգացմունքային արձագանքի հանգեցրեց, սակայն ավելի ուշ, ԵՄ պաշտոնյաները հայտարարեցին, որ ըմբռնումով ու հարգանքով են վերաբերվում Հայաստանի որոշմանը և Հայաստանի հետ երկխոսությունը կշարունակվի»,- Panorama.am-ին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով, Հայաստան-Եվրամիություն համագործակցության հիմքում երկուստեք շահն է և կողմերը ձգտում են խորացնել համագործակցությունը:
«Մենք չենք համագործակցում եվրոպայի հետ ցույց տալու համար, թե գործընթացը շարունակվում է, Եվրոպայի հետ համագործակցությունը բխում է մեր շահերից, ինչի արդյունքում Հայաստանում բարեփոխումների գործընթացը ակտիվ փուլում է, Հայաստանում եվրոպական չափանիշներին համահունչ ընտրություններ են անցկացվում, իսկ Հայաստանի քաղաքացին առավել պաշտպանված է»,- նշեց Է. Շարմազանովը:
Հարցին, թե արդյո՞ք Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում փաստաթղթի ստորագրում է նախատեսված, ԱԺ փոխնախագահը նշեց. «Մինչև գագաթաժողով դեռ ժամանակ կա, առաջիկայում պարզ կդառնա, թե համաձայնագիր կամ հռչակագիր կստորագրվի, թե հայտարարություն կտարածվի: Այս պահին դեռ հստակ բան չեմ կարող ասել: Մի բան հստակ է. կողմերը համագործակցության խորացման հարցում վերջակետ չեն դնելու»:
«Այս մասին միայն կարող եմ ասել, որ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտություն կա և այն շարունակվելու է, ինչի մասին ՀՀ նախագահը հստակ նշեց ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում ու դրան հետևած հարցուպատասխանի ժամանակ»,- ասաց Է. Շարմազանովը: