Տիգրան Սարգսյան. «Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում»
Երևանում այսօր մեկնարկեց Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովը` նվիրված եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրներին: Համաժողովն անցկացվում է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանակներում:
Համաժողովի մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան, ԵԽ կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը մի շարք երկրների կրթության և գիտության նախարարությունների պատվիրակությունները:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ համաժողովի օրակարգային խնդիրն արդիական է, այն գտնվում է նաև ՀՀ կառավարության օրակարգում ու հանդիսանում է գործադիրի ամենօրյա քննարկումների առարկան: Ըստ վարչապետի` ժամանակակից աշխարհում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ և ցանկացած կառավարություն ցանկանում է ճիշտ կողմնորոշվել իր ռազմավարությունն ընտրելիս:
Նրա խոսքերով` այս տարի Չինաստանում կայացած ամառային Դավոսի ժամանակ տարբեր երկրների կառավարությունների ղեկավարներ քննարկել են, թե որոնք են ժամանակակից աշխարհի մարտահրավերները, և որն է դրանց լավագույն պատասխանը: Ֆորումի մասնակիցները մի հարցի շուրջ եկել են համաձայնության, որ այդ մարտահրավերներին լավագույն պատասխանն այն բարեփոխումներն են, որոնք պետք է իրականացվեն կրթական համակարգում: «Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում, որտեղ հիմնական առանձնահատկությունը փոփոխությունների արագությունն է և անորոշությունների տեսակարար կշռի ավելացումը»,- ասաց Տ. Սարգսյանը:
Դա, ըստ վարչապետի, նշանակում է, որ երիտասարդ սերունդն առաջին հերթին պետք է ունակություն ունենա ապրելու արագ փոփոխվող աշխարհում, իսկ երիտասարդներին պետք է տրամադրվի մտածողության նոր գործիքներ և այնպիսի կրթական համակարգ, որը կարող է երիտասարդներին զինել այդպիսի ունակություններով:
Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ բարձրագույն կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ, սկսած մանկապարտեզից, դպրոց, բուհ և վերապատրաստման ծրագրեր, քանի որ ժամանակակից աշխարհում կրթությունը պետք է լինի ցկյանս:
«Եթե դուք բարձրագույն կրթություն եք ստացել, դա չի նշանակում, որ պատրաստ եք դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին: Պետք է մշտապես ձեռք բերեք գիտելիքներ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ ժամանակակից հասարակության հիմքը համալսարաններն են, որոնց շուրջ պետք է կուտակվի կրթությունը, ստեղծվեն ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան մարդկանց իրենց գիտելիքները ներառել արդյունաբերության մեջ»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը հայտնեց, որ տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամեն մի երկիր գտնում է իր ճանապարհը: Առաջին հերթին անհրաժեշտ են մարդիկ, որոնք կիսում են այդ տեսլականը, որոնց շուրջ ձևավորվում է թիմ, որը դա համարում է իր կյանքի կարևորագույն նպատակը: Տ. Սարգսյանը հույս հայտնեց, որ այս համաժողովը կհուշի պատասխաններ, թե ինչպես իրականացնել այդպիսի ծրագրեր և հասնել հաջողության:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա