EUobserver.com-ը Ադրբեջանի ընտրությունների վերաբերյալ Եվրախորհրդարանի ու ԵԽԽՎ-ի հայտարարություններն ամոթալի է անվանել
Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականները խիստ տարբերվում են, գրում է եվրոպական «EUobserver.com» կայքը: Ինչպես նշվում է հոդվածում, այն դեպքում, երբ ԵԱՀԿ-ն ընտրությունների ընթացքում «լուրջ խախտումներ» է արձանագրել, Եվրախորհրդարանն ու ԵԽԽՎ-ն գովաբանել են Ադրբեջանը՝ ընտրությունները «ազնիվ և թափանցիկ» գնահատելով:
«Ինչպես և մնացած միապետերը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ձգտում է լեգիտիմացնել ընտրությունները կեղծ դիտորդների միջոցով »,-նշում է հեղինակը:
Հոդվածի համաձայն, նման դիտորդները տարբեր նպատակներ կարող են ունենալ՝ քաղաքականից մինչև տնտեսական: Ասում են նույնիսկ, որ նրանք Ադրբեջանի իշխանություններից նվերներ են ստանում, այդ թվում նաև խավիար: Նշվում է, որ միջազգային հանրությունն ավելի հաճախ է սկսել աչք փակել ոչ ժողովրդավարական ընտրությունների վրա՝ ավելի բարդացնելով իրավիճակն այնպիսի երկրներում, ինչպիսին Ադրբեջանն է:
«Միմյանցից տարբերվող նման գնահատականները թույլ են տալիս Ալիևի պես միապետերին «ընտրել» այն հայտարարությունները, որոնք իրենց շահավետ են՝ իշխանական ԶԼՄ-ների միջոցով տարածելով ներքին լսարանի համար դրական գնահատականները, և անտեսել արժանահավատ եզրակացությունները»:
Հեղինակները նշում են, որ Եվրոխորհրդարանի ու ԵԽԽՎ-ի հայտարաությունները լեգիտիմացնում են կեղծ ընտրությունները և խանգարում են տեղի իրավապաշտպանների ու լրագրողների աշխատանքին, ովքեր քննադատում են ընտրությունները:
Հոդվածի համաձայն, ԵԱՀԿ-ի գնահատականները հիմնված են ճշգրիտ, օբյեկտիվ տեղեկատվության վրա: «Ոչ ժողովրդավարական ընտրություններին սատարումը Եվրոխորհրդարանի ու ԵԽԽՎ-ի կողմից խայտառակություն է»,-գրում է «EUobserver.com»-ը:
Հեղինակների կարծիքով, Եվրոխորհրդարանն ու ԵԽԽՎ-ն պետք է խորհեն, արդյոք իմաստ կա ուղարկել նման դիտորդների, ովքեր վարկաբեկում են իրենց կազամակերպությունները: