Ե. Կասպերսկի. Համակարգչային անվտանգության մասնագետները մեծ պահանջարկ են ունենալու
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) 80- ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում այսօր ՀՊՃՀ Մինչբուհական և շարունակական կրթության կենտրոնում բացվեցին «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության ուսումնական և սերտիֆիկացման կենտրոնները: Կենտրոնների բացմանը ներկա էր Եվգենի Կասպերսկին:
Նշենք, որ հոկտեմբերի 14-19-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող ՀՊՃՀ 80-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Պոլիտեխնիկում մեկնարկել է «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության շաբաթ» միջոցառումների շարքը: Այս կապակցությամբ Հայաստան է ժամանել «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության հիմնադիր-տնօրեն, համաշխարհային համբավ ունեցող հակավիրուսային մասնագետ, պրոֆեսոր Եվգենի Կասպերսկին իր թիմով:
«Համակարգչային անվտանգությունն այսօր շատ կարևոր է, ապագայում ավելի կարևոր կլինի: Շատ մասնագետներ են պահանջվում պետական, կոմերցիոն համակարգներն ավելի անվտանգ ու վստահելի դարձնելու համար: Այսինքն համակարգչային անվտանգության մասնագետները պահանջված են լինելու ու ոչ վատ աշխատավարձ են ունենալու»,- դիմելով ներկա ուսանողներին՝ ասաց տեղեկատվական անվտանգության ոլորտի ամենահայտնի փորձագետ Ե. Կասպերսկին:
Պոլիտեխնիկի և «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության համագործակցության հիմքերը դրվել են դեռևս մի քանի տարի առաջ և հաջողությամբ շարունակվում են մինչ այսօր: Դրա վառ ապացույցն են ՀՊՃՀ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի ուսանողների և ասպիրանտների ցուցաբերած փայլուն արդյունքները ընկերության կողմից կազմակերպվող ուսանողական օլիմպիադաներում և գիտաժողովներում, ինչպես նաև այս տարի փետրվար ամսին ընկերության նախաձեռնությամբ «IT Security for the next Generation 2013» ուսանողական 6-րդ միջազգային կոնֆերանսի «Ռուսաստան և ԱՊՀ երկրներ» փուլի անցկացումը ՀՊՃՀ-ում:
Այսօր անցկացվում է նաև ՀՊՃՀ Գիտական խորհրդի ընդլայնված հոբելյանական նիստի, որի ընթացքում տեղեկատվական անվտանգության ոլորտում համաշխարհային ակնառու ներդրման և ՀՊՃՀ-ի հետ ակադեմիական բեղմնավոր համագործակցության համար Եվգենի Կասպերսկուն կշնորհվի ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան