Սերժ Սարգսյանի որոշումը` Մաքսային միության անդամակցելու մասով, չափազանգ կարևոր որոշում է. ԵվրԱզէՍ ինստիտուտի տնօրեն
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է անդամակցել Մաքսային միությանը, չափազանց կարևոր որոշում է: Ընդ որում կարևոր է ոչ միայն ՌԴ, այլև հենց Հայաստանի համար»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ԵվրԱզէՍ ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Գիտխորհրդի` Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հարցերով բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը:
Պաշտոնյան, անդրադառնալով այս որոշումից հետո հնչող քննադատություններին և հայտարարություններին նշեց, որ իրականում Հայաստանը շատ ավելի ազատ է, քան Ռուսաստանը որոշումներ կայացնելու առումով և իր շահերը առաջ տանելով` ավելի շատ դիվիդենտներ կարող է ստանալ Մաքսային միությանն անդամակցությունից. «Կարևորությունը նախևառաջ Հայաստանի տարածաշրջանային շահերից է բխում և Հայաստանը կարող է թելադրել այն պայմանները, որոնց հիման վրա է նա ուզում անդամագրվել Մաքսային միությանը: Հետագայում էլ ձգտել դրանց իրագործմանը»,- նշեց Վ.Լեպյոխինը:
Վերջինի, տեսանկյունից, ներկայումս Հայաստանի համար առանցքային շահ է հանդիսանում գազի սակագինը և Մաքսային միությունը հնարավորություն կտա Հայաստանին այդ հարցը բարձրաձայնել ու քննարկել հօգուտ իր շահերի: Նույնը նաև առևտրաշրջանառության առումով. «Կան շատ ասպեկտներ, որոնք շատ կարևոր են Հայաստանի համար և անհրաժեշտ է, որ այդ հարցերը մասնագետների կողմից լավ ուսումնասիրվեն ու քննարկվեն»,- շեշտեց նա:
Նա համաձայնեց, որ Ռուսաստանը որոշակիորեն կախում ունի Արևմուտքից և որ որոշ դեպքերում ավելի ոչ շահեկան վիճակում է, քան, օրինակ, Գոնդուրասը.«Այո, մեծ է կախվածությունը և ոչ միայն Արևմուտքից, ինչն էլ երբեմն խանգարում է մոբիլ որոշումներ կայացնել: Բայց խնդիրը նրանում է, որ Եվրոպան ավելի մեծ կախում ունի, քան Ռուսաստանը: Իսկ վերջին տարիներին հատկապես այդ կախվածությունը խորացավ: Եվ եթե Ռուսաստանի հետ դեռ կարելի է համաձայնության գալ, քանի որ ՌԴ կախվածությունը հիմնականում ռեսուրսային է` համաձայնագրերի, պայմանագրերի մակարդակով և քաղաքական որոշումներում, որոնք կապված են տարածքի հետ ՌԴ-ն ազատ է, ապա նույնը չի կարելի ասել նույն Եվրոպայի մասով»,- նշեց նա:
Նախորդիվ`
Վ.Լեպյոխին. Եթե Ադրբեջանը որոշի ուժ կիրառել Հայաստանի դեմ, հասկանալի է, որ դա իր որոշումը չի լինի