Արաս Օզբիլիսի ապուպապը միայն հայերենի շնորհիվ է ապացուցել, որ հայ է
Ռուսաստանյան «Սպորտ Էքսպրեսն» այսօր անդրադարձել է Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին` խոսելով նրա ընտանիքի մասին և բացատրելով, թե ինչու է թուրքական ազգանուն կրում:
Ծնվել է Թուրքիայում, մեծացել Հոլանդիայում, ապրում է Ռուսաստանում, հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում: Սա տակավին երիտասարդ ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի անցած ուղին է: Ոչ վաղ անցյալում yerkir.am-ը պարզել է ողջ Եվրոպայում հայտնի ֆուտբոլիստի ազգանվան պատմությունը, և պարզվել է, որ նրա ընտանիքը դրամատիկ ճանապարհ է անցել:
Ֆուտբոլիստի ապուպապը 9 եղբայրներից միակն է, ում հաջողվել է կենդանի մնալ Օսմանյան Թուրքիայում իրականացված հայերի ցեղասպանության ժամանակ` անցած դարի սկզբներին: Գոյատևման համար պայքարում որբ երեխան ստիպված է եղել թաքնվել նկուղում, դժվարությամբ է իր համար սնունդ հայթայթել, իսկ որ ամենագլխավորն է, ոչ մի խոսք չի ասել հայերենով: Բայց միևնույն ժամանակ չի մոռացել հարազատ լեզուն:
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի դասախոս Արաքս Մարությանի խոսքերով` նա խոսել է ինքն իր հետ: Տարիներ անց հենց այդ հանգամանքն է շատ բան կանխորոշել նրա կյանքում: Լոզանյան պայմանագիրը ոչ միան իրավական առումով հաստատեց Օսմանյան կայսրության անկումը և Թուրքիայի նոր սահմանները, այլև իշխանություններին պարտադրեց վերականգնել հայերի իրավունքները: Փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ էր ներկայացնել որևէ փաստաթուղթ, որը կվկայեր ծագման մասին:
9 տարի առանց ծնողների մնացած տղան, անշուշտ, փաստաթուղթ չուներ, նույնիսկ չէր հիշում, թե ինչպես է գրվում իր ազգանունը: Միայն խոսելով մաքուր հայերենով` նա պաշտոնյաներին կարողացավ համոզել, որ ինքը հայ է: Նրան նոր ազգանուն տվեցին` Օզբիլիս, որը նշանակում է «պահպանված անհատականություն» կամ «իրեն պահպանածը»: Ընտանեկան լեգենդի համաձայն` Արասի նախապապը ոչ մեծ փոխհատուցում է ստացել և հողակտոր: Ողջ գումարը նա, որպես բարեգործություն, տվել է մի թուրքի, ով երկար ժամանակ նրան թաքցրել է թուրքական իշխանություններից և այդ կերպ օգնել, որպեսզի գոյատևի:
Տասնամյակներ անց 21-ամյա Արասը, ընտրություն կատարելով Հայաստանի ու Հոլանդիայի հավաքականների միջև, նախապատվությունը տվեց իր պատմական հայրենիքի թիմին: Շատերն այն ժամանակ չհասկացան տաղանդավոր կիսապաշտպանին, ով կարող էր հանդես գալ Եվրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկում և նույնիսկ մասնակցել Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014 թ. առաջնությանը:
«Դա բարդ ընտրություն էր,- խոստովանել է ինքը` ֆուտբոլիստը:- Ինձ փորձում էին համոզել, որպեսզի հրաժարվեմ Հայաստանի հավաքականից: Մասնավորապես` իմ մարզիչ Ռոնալդ դե Բուրը, ով ինձ վստահեց խաղալ «Այաքսի» հիմնական կազմում, մշտապես ասում էր, որ ես պետք է համբերեմ, և այդ դեպքում կկարողանամ ընդգրկվել հոլանդական ընտրանու կազմում: Նույնիսկ ինձ երիտասարդական հավաքական հրավիրեց, որի կազմում ես մրցաշրջագայության մեկնեցի ԱՄՆ: Բայց երբ վերադարձանք Ամստերդամ, որոշեցի խաղալ իմ նախնիների հայրենիքի թիմում: Այդպես որոշեց իմ սիրտը: Անկեղծ ասած` վստահ չէի, որ ճիշտ եմ վարվում: Հոլանդիայի հավաքականը լավագույններից մեկն է աշխարհում, և ես գիտակցաբար հրաժարվում էի նրանից: Սակայն հիմա երջանիկ եմ, որ այդպիսի որոշում եմ կայացրել: Ինձ լավ եմ զգում: Եվ դա հնարավոր չէ բացատրել սովորական տրամաբանությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում