Համաներման արժանացած ադրբեջանցի. Ես բռնության չեմ ենթարկվել հայկական բանտում
«Ես բռնության չեմ ենթարկվել հայկական բանտում, սնունդը նույնպես նորմալ էր»: Այդ մասին ադրբեջանական «APA» լրատվական գործակալությանը պատմել է Վրաստանի քաղաքացի և ազգությամբ ադրբեջանցի Ալլահվերդի Փելենգովը, ով ձերբակալվել էր Հայաստանում հայ-վրացական սահմանի անօրինական խախտման կասկածանքով:
Փելենգովի խոսքերով` նա ձերբակալվել է օգոստոսի 17-ին սահմանային գոտում, որտեղ արածեցնում էր իր անասունների հոտը: Քննիչը հարցաքննել է ձերբակալվածին, որից հետո վերջինս արդեն օգոստոսի 19-ին տեղափոխվել է բանտ:
«Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության առթիվ նախագահ Սարգսյանի կողմից ստորագրված համաներման համաձայն`ես ազատ արձակվեցի», - նշել է Փելենգովը:
Փելենգովը պատմել է, որ ազատ է արձակվել հոկտեմբերի 17-ին. «Այդ օրը Վրաստանի դեսպանատան հյուպատոսը և Տիգրան Սինոյան անունով քննիչը ինձ ազառ արձակեցին բանտից, որից հետո հյուպատոսությունը ինձ Վրաստան ուղարկեց»:
Իր խոսքերով` նա չգիտեր, թե որտեղ է հայ-վրացական սահմանը:
«Մեր գյուղում սահմանային ցանկապատում, փշոտ մետաղալար, սահմանագծի մասին որևէ նշան չկա», - ասել է Փելենգովը:
Հոկտեմբերի 17-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Մահիր Դարզիևը եղել է Փելենգովին դիմավորող անձանց շարքում: Նա նշել է, որ Վրաստանի պետական կառույցներում բարձրացվել է սահմանազատման անհրաժեշտության հետ կապված խնդիրը:
«Դա շատ զգայուն հարց է, և դրա լուծումը երկար ժամանակ է պահանջում: Հայաստանը և Վրաստանը բարեկամական հարևաններ են, և երկու կողմերն էլ այդ հարցին խիստ զգայուն կերպով են մոտենում: Սակայն մեր համաերկրացիների կյանքի պայմանների բարելավման և նմանատիպ միջադեպերի արագ արձագանքման համար անհրաժեշտ է որևէ «թեժ գիծ» կամ վրացական սահմանային անցակետերում շարժական խմբեր ստեղծել: Ամենայն հավանականությամբ հենց այդ հարցը կընդգրկվի օրակարգի մեջ», - ասել է Դարզիևը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում