«Հայաստանի վերամշակող արդյունաբերությունը առաջատար դիրքերում է տարածաշրջանում». Սերգո Կարապետյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր Երևանում բացվեց «ԱրմՊրոդէքսպո 2013» միջազգային պարենային ցուցահանդեսը: Ս.Սարգսյանը շրջեց տաղավարներով, ծանոթացավ սննդի արդյունաբերությամբ զբաղվող տեղական ձեռնարկությունների ներկայացրած ապրանքատեսականու հետ, համտեսեց դրանք:
«ԱրմՊրոդէքսպո» ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանում արտադրվող պարենային ապրանքների լավագույն արտադրատեսակները` ոգելից խմիչքներ, հյութեր, պտուղ-բանջարեղենի պահածոներ, հրուշակեղեն, մսամթերք և կաթնամթերք, չոր մրգեր, սուրճ, ծխախոտ: Ցուցահանդեսին մասնակցում են նաև փաթեթավորման, լաբորատոր և գյուղատնտեսական ծառայություններ մատուցող հայաստանյան ընկերություններ: Ընդհանուր առմամբ, «Արմպրոդէքսպո»-ին մասնակցում են հինգ տասնյակից ավելի ընկերություններ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ցուցահանդեսի բացմանը նշեց, որ արդեն բարի ավանդույթ է դարձել գյուղատնտեսական տարվա ավարտին ժողովրդին մատուցել գյուղոլորտի արդյունքները: Ըստ նրա` ցուցահանդեսի միջոցով ներկայացվում է այն ամենը, ինչը գյուղացիների ջանքերի և աշխատանքի շնորհիվ պարգևել է հողը: «Ցուցահանդեսը գյուղացու, ագրովերամշակող արդյունաբերության ոլորտում ներգրավված աշխատակիցների քրտնաջան աշխատանքի, պետություն- մասնավոր հատված համագործակցության արդյունք է»,- ասաց նախարարը:
Նրա խոսքերով` ցուցահանդեսի նպատակն է նաև գյուղատնտեսական արտադրության, վերամշակող արդյունաբերության հնարավորությունների ցուցադրումը, սեփական արտադրանքի մրցունակության գնահատումը, առաջավոր տեխնոլոգիաների վերաբերյալ իրազեկումը, արտահանման հնարավորությունների ընդլայնումը, գործարար կապերի հաստատումը, այցելուներին բարձրորակ գյուղատնտեսական և պարենային ապրանքների տեսականու ներկայացումը: Նախարարը նշեց, որ գյուղատնտեսության զարգացման համար կարևոր են արտադրություն-շուկա-վերամշակում-արտահանում փոխկապակցված շղթայի արդյունավետության ապահովումը, ինչի ուղղությամբ այսօր մեզանում լուրջ քայլեր են կատարվում: Մասնավորապես, ըստ Ս.Կարապետյանի, վերջին տարիներին կարևորվել է վերամշակող ճյուղի զարգացումը, վերազինումն ու հզորացումը՝ որպես գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարևոր բաղադրիչ: «Այսօր երկրի իշխանությունների շարունակական ուշադրության կենտրոնում հայտնված այս զարգացումները բերել են նրան, որ ակնհայտ երևում է մեր գերազանցությունը հարևան երկրների նկատմամբ: Հայաստանի վերամշակող արդյունաբերությունը առաջատար դիրքերում է տարածաշրջանում»,- ընդգծեց Ս.Կարապետյանը:
Նախարարը նշեց նաև, որ այսօր գյուղատնտեսությունը հանդիսանում է հանրապետության տնտեսության գերակա ճյուղերից մեկը և գյուղատնտեսությունում տնտեսվարողների ջանքերի, վարվող պետական քաղաքականության և պետական աջակցության արդյունքում ոլորտում առկա են դրական տեղաշարժեր, կայունացման ու զարգացման հեռանկարներ:
Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ նշեց, որ սա մնացած ցուցահանդեսներից տարբերվում է իր համով ու հոտով, քանի որ այստեղ ներկայացվում է Հայաստանի գյուղատնտեսության, վերամշակման ոլորտի բերք ու բարիքը: «Գյուղատնտեսությունը այն ոլորտն է, որի հետ մեծ հույսեր ենք կապում, որը հանդիսանում է ռեալ արտահանման և զարգացման ճյուղերից մեկը: Այսօր բոլորս մեկ անգամ ևս կհամոզվենք, որ արտաքին շուկաներում Հայաստանի արտադրանքը կարող է մրցունակ լինել, քանի որ մեր ընկերությունները արտադրում են որակյալ ապրանքներ»,- ասաց Ա.Ղազարյանը:
Նշենք, որ երկօրյա ցուցահանդեսի շրջանակներում կկազմակերպվեն նաև մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ագրոֆորում՝ նվիրված գյուղատնտեսության զարգացման և գյուղատնտեսական արտադրանք արդյունաբերական վերամշակման հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները