Շարմազանով. Մեր տարածաշրջանում հիմնական վտանգը մնում են Թուրքիան և Ադրբեջանը՝ իրենց ֆաշիստական նկրտումներով
«Քանի որ առաջիկայում մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են սպասվում, այդ թվում՝ Արարատ քաղաքում, կուսակցության Գործադիր մարմնի նիստում քննարկվել է կուսակցության մասնակցությունն այդ ընտրություններին»: Այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ Շարմազանովի, նիստում քննարկվել են ներքաղաքական ու կազմակերպչական մի շարք հարցեր: Նշվել է, որ ՀՀԿ պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավարի գլխավորությամբ մեկնելու է ԵԺԿ նախկին նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի հուղարկավորությանը:
Հարցին, թե արդյո՞ք քննարկվել է Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահին ուղղված նամակը, Է. Շարմազանովը ասաց. «Իմ տպավորությամբ, այն մարդիկ, ովքեր փորձեցին մեկնաբանել նամակը՝ ուշադիր չեն կարդացել: Ինչ վերաբերում է մեր կարծիքին, ապա նշեմ՝ Արցախը ավելի մեծ է, քան ԼՂԻՄ-ը: Արցախը և Նախիջևանը երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում, Ադրբեջան պետությունն արհեստական պետական միավորում է: Կովկասում հայերն ու ռուսները եղել են դաշնակիցներ և մեր տարածաշրջանում հիմնական վտանգը մնում են Թուրքիան և Ադրբեջանը՝ իրենց ֆաշիստական նկրտումներով»: