Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը
Արագածոտնի մարզի Սորիկի հիմնական դպրոցի 13 աշակերտները հնարավոր է արդեն եկող տարի տարի դաս անեն իրենց երազած լուսավոր դասասենյակներում, նստեն մաքուր ու նոր նստարանների վրա և ձմռանը լուսամուտներից այն կողմ ոչ թե ցելոֆաններ, այլ երկինք տեսնեն:
Սա միայն երազանքների ժանրից: Իսկ մինչ այդ երազանքներն իրականություն կդառնան կամ կառավարության ծրագիրը կհասնի դպրոցին, աշակերտներն այս ձմեռն էլ կանցկացնեն, մեղմ ասած, ոչ բարվոք պայմաններում:
Արդեն մոտ 40 տարի է դպրոցը վերանորոգման է սպասում: Դպրոցի տնօրեն Վարդան Կարապետյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երկար ժամանակ է մարզպետարանը ներառել է ծրագրում, որպեսզի վերանորոգեն: «Ծրագրի մեջ է, այս տարին արդեն ավարտվում է, հավանաբար մյուս տարի կվերանորոգեն, խոստացել են: Շենքը լավ շենք է, միայն հիմնանորոգման կարիք ունի: Մեր մարզում ավելի ահավոր ավերակներ կան: Իհարկե, չեն կարող միանգամից բոլորը վերանորոգել: Հերթով վերանորոգում են»,- ասաց նա:
1950-ականներին կառուցված շինության մի քանի սենյակները փորձում են հարմարեցնել, որ դաս անել: «Երեք դասարան ունենք, հարմարեցրել ենք, տաքությունն, ամեն ինչը ապահովել ենք: Կան սենյակներ, որ չենք օգտագործում, պատուհաններին ցելոֆաններ ենք քաշել: Դպրոցը տաքացնում են նավթի վառարանով: Դրանով ավելի արագ է տաքանում, իսկ էլեկտրաէներիգիայով ավելի` ուշ»,- ասաց տնօրենը:
Այս տարի Սորիկի հիմնական դպրոցը երկու առաջին դասարանցի է ունեցել: Քանի որ աշակերտները քիչ են, կոմպլեկտավոր են: Դպրոցը երրորդ դասարան չունի, կոմպլեկտավորած են հինգ, վեց և յոթերորդ դասարանները, ութերորդն ու իներորդը` միասին, երկրորդն ու չորրորդը` միասին: Առաջին դասարանը չեն կամպլեկտավորել, քանի որ առաջին տարին է, երեխաները պետք է լավ հիմքեր ունենան:
Դպրոցի տնօրեն Վարդան Կարապետյանը նկատեց, որ բոլորը գիտեն, որ կոմպլեկտավորված դասարաններում ուսուցումն արդյունավետ չէ, բայց ուրիշ ձև չկա. «Միշտ էլ պահանջում ենք, որ փոխեն այս ձևը, բայց պետությունը հնարավորություն չունի փոխելու: Չի արդարացնում բայց դե մի աշակերտի համար էլ առանձին դասարան պահելը հնարավոր չէ: Իհարկե առարկաներ կա, որ առանձնացնում ենք, հնարավոր չէ միասին պարապել: Բայց առարկաներ էլ կան, որ 45 րոպեում հանգիստ հասցնում է ուսուցիչը»: Տնօրենը նաև տեղեկացրեց, որ դպրոցն ունի ութ ուսուցիչ:
Դասապրոցեսի կազմակերպման խնդիրներից նա շատ չի բողոքում, հասկանում է, որ իրավիճակն է թելադրում: Ինչ վերաբերում է դպրոցի հիմնանորոգմանը, ապա, Վարդան Կարապետյանը հավատում է մարզպետարանի խոստումներին ու կարծում է, որ ձմեռն անցնի, կկատարեն դրանք:
Նյութեր թեմայով`
Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան