Վ.Լեպյոխին. Եթե Ադրբեջանը որոշի ուժ կիրառել Հայաստանի դեմ, հասկանալի է, որ դա իր որոշումը չի լինի
Ոչ ոք չի պարտադրում Հայաստանին հենց այս պահին մաս կազմել Մաքսային միության: Հայաստանը ինքը պետք է դա որոշի, իսկ հիմա ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, ինչի մասին հայտարարեց Հայաստանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵվրԱզէՍ ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Գիտխորհրդի` Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հարցերով բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը:
Նրա խոսքով, Մաքսային միությունը նպատակ չէ, այլ Հայաստանի համար տնտեսական առումով առավելություններ ստանալու լավագույն միջոց. «Հայաստանն ընձեռված հնարավորությունից պետք է կարողանա հնարավորինս շատ բան քաղել իր համար: Ես հասկանում եմ, որ հարցեր կլինեն ՄՄ-ի միջոցով, բայց հստակ պետք է լինի տնտեսական շահը, սա է ամենակարևորը»,- ընդգծեց ռուս պաշտոնյան:
Այն հարցին, թե ի՞նչ օգուտ ունեն Մաքսային միության երեք անդամները Հայաստանի անդամակցությունից, բանախոսն ասաց, որ առաջին հերթին Հայաստանին է դա պետք` տնտեսական շահերի տեսանկյունից: Իսկ ինչ վերաբերում է այն քննադատությանը, թե սա Ռուսաստանի կայսերական ամբիցիաների իրագործմանն է ուղղված, ապա Լեպյոխինը շեշտեց` նման բան չկա:
«Եթե լինի տարածաշրջանային հակամարտություն, որում ներգրավված լինի Հայաստանը, ապա դրա ընթացքն ու ելքը որոշվելու է ոչ թե մեկ պետության կողմից, այլ գլոբալ խաղացողի: Եթե Ադրբեջանը որոշի ուժ կիրառել Հայաստանի դեմ, ապա դա իր որոշումը չի լինի, Ադրբեջանի հետևում գլոբալ խաղացող կլինի: Այդ պատճառով դա անհրաժեշտ է դիտարկել մեծ խաղի կոնտեքստում»,- հայտարարեց Վ.Լեպյոխինը: