Ադրբեջանում Իլհամ Ալիևի երդմնակալությունը կազմակերպվել է հապճեպորեն
Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի Սահմանադրական դատարանի պլենումի` նախագահական ընտրությունների հաստատումից անմիջապես հետո հաղթանակ տարած Իլհամ Ալիևը երդում է տվել, գրում է ադրբեջանական «Turan» լրատվական գործակալությունը:
Այդպես, Իլհամ Ալիևը սկսել է Ադրբեջանի ղեկավարի պարտականությունների երրորդ ժամկետը:
Գործակալությունը նշում է, որ սա Իլհամ Ալիևի առաջին երդմնակալությունն է 2009թ. մարտին կազմակերպված Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխությունների և լրացումների վերաբերյալ հանրաքվեից հետո, որը չեղյալ է հայտարարել նախագահական պաշտոնը միևնույն անձի կողմից իրար հաջորդող երկուսից ավելի ժամկետով զբաղեցնելու սահմանափակումը:
Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն` նախագահի պաշտոնում ընտրված անձի երդմնակալության արարողությունը պետք է տեղի ունենա ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո երեք օրվա ընթացքում:
«Turan»-ը հիշեցնում է, որ 2003թ. հոկտեմբերի 15-ին Իլհամ Ալիևը ստացել է ձայների 76%-ը և ընտրվել Ադրբեջանի նախագահի պաշտոնում: Նույն թվականի հոկտեմբերի 24-ին Սահմանադրական դատարանի պլենումի ժամանակ հաստատվել են ընտրությանների արդյունքները: Իլհամ Ալիևը երդվել է ՍԴ պլենումի հաստատումից 7 օր անց` այսինքն 2003թ. հոկտեմբերի 31-ին:
2008թ. նախագահական ընտրություններում ՍԴ պլենումն ընտրությունների արդյունքները հաստատել է հոկտեմբերի 22-ին` հայտարարելով, որ Իլհամ Ալիևը ստացել է ձայների 88,73%-ը: ՍԴ պլենումի հաստատումից երկու օր անց` այսինքն 2008թ. հոտկեմբերի 24-ին, տեղի է ունեցել Իլհամ Ալիևի երդմնակալությունը:
«Ներկա երդմնակալությունը տարբերվում է նաև նրանով, որ եթե 2003թ. և 2008թ. երդմնակալություններն ավելի մեծ շուքով կազմակերպվել էին Հեյդար Ալիևի պալատում և միջազգային բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ, ապա այժմ արարողությունը կազմակերպվել է հապճեպորեն և համեստորեն Միլի Մեջլիսի դահլիճում: Բացի այդ, ի տարբերություն նախորդ երկու երդմնակալությունների`այս մեկն անցել է փակ դռների հետևում և չի հեռարձակվել հեռուստատեսությամբ»,- նշված է հոդվածում:
Գործակալությունը նաև հայտնում է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը չի հրավիրվել Իլհամ Ալիևի երդմանակալությանը: «Ինչպես հասկանում ենք, դիվանագիտական այլ առաքելությունների ներկայացուցիչներ ևս չեն հրավիրվել»,- հայտնել են ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունում: Նշվում է, որ արարողությանը չի հրավիրվել նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կազմակերպվել են նախագահական ընտրություններ, որտեղ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթել է ձայների 84,58%-ով: Նախնական տվյալների համաձայն` երկրորդ տեղում է ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին: Նա ստացել է ձայների 5,54%-ը: