Ձու ներկրելու թույլտվություն ունեցող ընկերությունների թիվը մեկ ամսում եռապատկվել է
Հայաստանյան խանութներում ձուն շարունակում է թանկանալ: Մեկ ձվի գինն այժմ խանութներում տատանվում է 70-80 դրամի սահմաններում, իսկ տնականը` 90-100 դրամի: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2013թ. օգոստոսին 2012թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձվի` 27.9%, 2013թ. հուլիսի համեմատ` 1.2% գնաճ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է շուկան, արդյունքներն, ամենայն հավանականությամբ, պարզ կլինեն հաջորդ շաբաթվա ընթացքում:
Մինչ դրանք կհրապարակվեն, արագորեն ավելանում են այլ երկրներից Հայաստան ձու ներկրելու թույլտվություն ստացած ընկերությունների, ինչպես նաև այն երկրների թիվը, որտեղից հավկիթ է բերվում:
ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Գևորգյանը Panorama.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետություն սննդային ձու ներկրելու թույլտվության համար դիմել են 9 ընկերություն, բոլորն էլ ստացել են ծառայության թույլտվությունը:
Համեմատության համար նկատենք, որ այս տարվա սեպտեմբերին ծառայության` Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, մինչև սեպտեմբեր ծառայությանը սննդային ձու ներկրելու համար դիմել է 6 ընկերություն: Նրանցից երեքին տրամադրվել էր թույլտվություն: Փաստորեն մեկ ամսում ձու ներկրելու թույլտվություն ունեցողների թիվը եռապատկվել է:
Սրան զուգահեռ արագ տեմպերով ավելանում է նաև ներկրված ձվի քանակը: Եթե այս տարվա մայիսին ներկրվել է 329 400 հատ ձու, ապա սեպտեմբերին` 2 մլն 623 հազար 599 հատ, իսկ հոկտեմբերի առաջին 15 օրերի ընթացքում` 1 մլն 466 հազար 967 հատ: Ընդհանուր առմամբ, ծառայության աշխատակազմի ղեկավարի տրամադրած տվյալների համաձայն, այս տարվա ընթացքում` հոկտեմբերի 15-ի դրությամբ Հայաստանի Հարապետություն ներկրվել է 4870033 հատ սննդային ձու:
Նկատենք, որ 2009 և 2012 թվականներին ձու չի ներկրվել, 2010 թվականին ներկրվել է 4098420 հատ, 2011 թվականին` 30980000 հատ:
Ավելանում է նաև այն երկրների թիվը, որտեղից ձու է բերվում Հայաստան: Ծառայության ավելի վաղ տրամադրած տվյալների համաձայն, Հայաստան ձու բերվել է միայն Վրաստանից ու Ուկրաինայից, ապա այս պահի դրությամբ ձու բերվում է Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից ու Վրաստանից:
Ծառայության պաշտոնյան հավատացնում է. «Բոլոր խմբաքանակները ներկրման փուլում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ենթարկվել են սահմանային պետական հսկողության»:
Panorama.am-ի հետ զրույցում ավելի վաղ անդրադառնալով ձվի դիֆիցիտին ու գնի բարձրացմանը, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, հիշեցնելով, որ Հայաստանը հնարավորություն ուներ դառնալու ձու արտահանող երկիր, ասել էր. «Տարիների ընթացքում հարևան երկրները դարձան ինքնաբավ, իսկ մենք` ներկրող: Սա նշանակում է, որ տնտեսությունը կառավարվել է սխալ»:
Նախորդող հրապարակումներ`
Ածան հավերի թիվը նվազել է. Ձվի առումով Հայաստանը ինքնաբավ երկրից դարձել է ներմուծող
Նախորդ տարի Հայաստան ոչ մի հատ ձու չի ներկրվել