Գերմանացի պատգամավորը հերքել է իրեն վերագրվող խոսքերն «Ադրբեջանի արդար ընտրությունների» մասին
Ադրբեջանցի գաղթականները դատապարտել են Ադրբեջանի ընտրություններում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Դորիս Բերնետի խոսքերն այն մասին, թե Ադրբեջանի ընտրությունները լավ են կազմակերպվել և շատ որակներով չեն տարբերվել Գերմանիայի ընտրություններից:
Ադրբեջանական «Turan» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Գերմանիայում բնակվող քաղաքական գաղթականները բողոքի ցույց են կազմակերպել Լյուդվիգսհաֆեն քաղաքում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գրասենյակի դիմաց: Հենց այդ քաղաքում է բնակվում գերմանացի պատգամավոր Դորիս Բերնետը:
Բողոքողները ցույցին միացել են «Ինչո՞ւ եք Ձեր աչքերը փակել ընտրությունների խախտումների վրա», «Ամոթ կոռումպացված Ալիևին գրկաբաց ընդունող քաղաքական գործիչներին» և այլ կարգախոսերով:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Դորիս Բերնետը դուրս է եկել բողոքողների մոտ և լսել է նրանց: Վերջինները նրան կոչ են արել ադրբեջանական ժողովրդից և եվրոպական ժողովրդավարությունից ներողություն խնդրել անհարգանք ցույց տալու համար:
Դորիս Բերնետն իր հերթին ասել է, որ իր խոսքերը խեղաթյուրվել են:
«Ինչպե՞ս կարող էի ասել, թե Ադրբեջանի ընտրությունները չեն տարբերվել Գերմանիայի ընտրություններից: Ես դրական գնահատական եմ տվել միայն ընտրությունների տեխնիկական պատրաստվածությանը: Ես դիտորդություն եմ իրականացրել միայն մեկ տեղամասում, ցանկացել եմ այցելել նաև մյուսները, սակայն ինձ նման հնարավորություն չեն ընձեռել», - հայտնել է Դորիս Բերնետը:
Իր խոսքերով` ԵԱՀԿ երկարաժամկետ առաքելությունն արդեն հրապարակել է ընտրությունների վերաբերյալ իր օբյեկտիվ եզրակացությունը: Ադրբեջանում բացակայում են հիմնական ազատությունները և մամուլի ազատությունը, ընդդիմությունը ճնշման է ենթարկվում, նշել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կազմակերպվել են նախագահական ընտրություններ, որտեղ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթել է ձայների 84,58%-ով: Նախնական տվյալների համաձայն` երկրորդ տեղում է ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին: Նա ստացել է ձայների 5,54%-ը:
Նշենք, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասնյակի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միասնական դիտորդական առաքելության զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի ընտրություններն ուղեկցվել են խոսքի և ժողովի ազատության սահմանափակմամբ: Ընտրական գործընթացի բոլոր փուլերում նկատվել են լուրջ խախտումներ, որոնք լուծում են պահանջում: «Ձերբակալությունները, քրեական հետապնդումները, ֆիզիկական հարձակումները և լրագրողների վրա այլ տեսակի ճնշումները բացասական ազդեցություն են ունեցել մեդիադաշտի վրա», - եզրափակել են դիտորդները:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Թանա դե Զուլուետան ընդգծել է, որ դիտորդները եկել են եզրակացության, ըստ որի`Ադրբեջանի ընտրական գործընթացում բաղադրիչների մեծ մասը չի համապատասխանում ԵԱՀԿ-ի առջև ստանձնած այդ երկրի պարտավորություններին:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի եվրոպական հարցերով նախարար Դեվիդ Լիդինգթոնը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կիսում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տեսակետն այն մասին, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ-ի առջև ստանձնած այդ երկրի պարտավորություններին:
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմաթիվ անգամ կոչ են արել Ադրբեջանի կառավարությանը ապահովել ազատ և անկախ ընտրությունների կազմակերպումը, սակայն ստիպված են ընդունել, որ այդ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:
Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ ԽՎ-ի տեսակետն այն մասին, որ Ադրբեջանի ընտրություններն ուղեկցվել են լուրջ խախտումներով, որոնց վրա Ադրբեջանը պետք է ուշադրություն դարձնի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում