Պոլիտեխնիկը կարողացավ պահպանել իր ուրույն տեղը. Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պոլիտեխնիկի հիմնադրման 80-ամյակի առթիվ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի՝ Պոլիտեխնիկի հիմնադրման 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, ուղերձում ասված է.
«Լինելով հանրապետության ամենահեղինակավոր բուհերից մեկը և բարձրագույն տեխնիկական կրթության առաջատարը՝ իր գոյության տարիների ընթացքում ՀՊՃՀ-ն և իր մասնաճյուղերը տնտեսության տարբեր ոլորտներ են գործուղել տասնյակ հազարավոր բարձրորակ կադրեր: Ուրախալի է, որ Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախոսական կազմի, մասնագետների և շրջանավարտների գիտելիքը և ներուժն այսօր էլ շարունակում են պահանջված լինել:
Չնայած անցած տարիների դժվարություններին՝ Պոլիտեխնիկը կարողացավ պահպանել իր ուրույն տեղը Հայաստանի բուհական համակարգում: Ներկա փուլում Հայաստանի ամենակարևոր խնդիրների շարքում է ժամանակին համընթաց քայլելու և տեխնիկական նորագույն ձեռքբերումներին տեղեկացված լինելու անհրաժեշտությունը: Այսօր պետք է հնարավորինս արագ մեր ժողովրդին հասանելի ու մատչելի դարձնենք աշխարհի տարբեր վայրերում ստեղծվող տեխնիկական նորամուծությունները:
Կրկին շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ պոլիտեխնիկցիներ, այս նշանակալի հոբելյանի առթիվ: Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ կրթության ասպարեզում և գիտական նվաճումներ: Համոզված եմ, որ ձեր ներուժն ու մասնագիտական կարողությունները մշտապես պահանջված են լինելու` իրենց արժանի կիրառումը գտնելով կյանքում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան