Հ.Աբրահամյանը Զ.Փոստանջյանին. Այո, ձեր հայտարարություններին ես չեմ հավատում
ԱԺ հերթական քառօրյան մեկնարկեց բավականին բուռն՝ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը հարցախեղդ էին անում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին Սյունիքում ФСБ զորքերի և «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ:
«Չեք հավատում ԱԺ պատգամավորին»,- հետաքրքրվեց Զարուհի Փոստանջյանը և Հովիկ Աբրահամյանից ստացավ այսպիսի պատասխան. «Այո, ձեր հայտարարություններին ես չեմ հավատում, որովհետև տեսել եմ, որ դուք կարող եք զրպարտություններով զբաղվել: Եվ ես հավատում եմ ստացածս գրավոր պատասխանին»,- նշեց Հ.Աբրահամյանը՝ հավելելով, որ ռուսական զորքերի կողմից նախաձեռնված միջոցառում չի եղել, այլ եղել է ոստիկանության հետ համատեղ իրականացրած գործողություն, ինչի մասին գրված է իր կողմից ստացած նամակում:
Երբ Զ.Փոստանջյանն անցավ վիրավորանքների՝ նշելով, թե Հովիկ Աբրահամյանի վերադասը, փաստորեն, ФСБ-ն է, ԱԺ նախագահը միայն ասաց.
«Ես խնդրում եմ զբաղվեք բնականոն աշխատանքով: Շատ եմ խնդրում՝ նորմալ, կառուցողական աշխատենք»,- սակայն բանավեճը արդեն մյուս պատգամավորների մասնակցությամբ շարունակվեց անջատված խոսափողներով՝ ՀՀԿ-ականները բողոքում էին, որ կես ժամ է ստիպված են լսել երկու պատգամավորի և ոչ թե աշխատել: