Ակտիվիստները եվրոպացիներին բողոքում են հայ «ֆաշիստներից», իսկ Հեֆֆերն էլ նրանց էր նկարում (լուսանկարներ)
«Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» համաժողովն այս պահին Երևանում ընթանում է բողոքի ակցիայի ուղեկցությամբ. մի խումբ ակտիվիստներ ներս են մտել պաստառներով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի շենք, որտեղ ընթանում է համաժողովը: Բանախոսներ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը ելույթ ունեցան հենց ակցիայի մասնակիցների ներկայությամբ:
Ակտիվիստների ձեռքին պահած պաստառների վրա բարձրաստիճան պաշտոնյաների` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի և Սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի նկարներն էին, որոնք ըստ ակցիայի մասնակիցների, տարբեր իրավիճակներում անհանդուրժող են եղել, իսկ օրինակ, Խաչիկ Ասրյանն էլ սպառնացել է խարույկի վրա այրել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:
«Մենք մեր բողոքի ակցիայով փորձում ենք եվրոպացի չինովնիկներին ասել, որ ձերոնց թույլ մի տվեք ֆաշիստների հետ քննարկում անեն: Իշխանության են եկել ֆաշիստական գաղափարախոսություն քարոզող անձինք` հանձին Էդուարդ Շարմազանովի, Խաչիկ Ասրյանի», - մինչ այդ հյուրանոցի շենքի առջև լրագրողների հետ զրույցում հայտարարեց ակցիայի մասնակից իրավաբան Արթուր Գրիգորյանը:
«Այս ակցիայով ուզում ենք Եվրոպային ցույց տալ, որ նա իրավունք չունի նման միջոցառում կազմակերպել Հայաստանում, որտեղ հարձակում գործեցին DIY ակումբի վրա, որտեղ Կանանց ռեսուրսների կենտրոնի կանանց են սպառնում: Դա ցինիզմ է: Այնպիսի մի երկրում, որտեղ իշխանությունների կողմից հանդուրժողականություն չկա», -իր հերթին հայտարարեց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:
Ի դեպ, ակտիվիստների բողոքի ակցիան շատ հետաքրքրեց Հայաստանում ԱՄՆ դեպսան Ջոն Հեֆֆերնին, և նա իր «iPad»-ով սկսեց նկարել ակցիան:
Հարկ է նկատել, որ հյուրանոցի տարածք ներխուժած անձանց որևէ մեկը չի խոչընդոտել անգամ համաժողովի աշխատանքների ընթացքում դահլիճում հայտնվելու ժամանակ:
Ինչը ներկաներին առիթ է տվել կարծիք հայտնելու, որ տեղի ունեցածը Հայաստանում ժողովրդավարության խորը արմատների ևս մեկ ապացույց է: «Եթե սա լիներ հարևան երկրներում, դատական վճիռներն արդեն ի կատար ածվելիս կլինեին»,- նկատել է համաժողովի մասնակիցներից մեկը: