Արևմտյան կազմակերպությունների, այդ թվում նաև` British Petrolium-ի ղեկավարները չեն շնորհավորել Իլհամ Ալիևին
Ադրբեջանի նավթի և գազի արդյունաբերության մեջ շահեր ունեցող արևմտյան խոշորագույն կազմակերպությունների նախագահները մինչ այժմ չեն շնորհավորել Իլհամ Ալիևին` երրորդ նախագահական ժամկետով վերընտրման կապակցությամբ, գրում է ադրբեջանական «Haqqin.az» տեղեկատվական պորտալը:
Կայքի համաձայն` այդ կազմակերպությունների ղեկավարությունն, ըստ ավանդույթի, շնորհավորում է ընտրություններում հաղթանակ տարած նախագահին: Սակայն British Petrolium-ի նախագահ Ռոբերտ Դադլին և այլ կազմակերպությունների ղեկավարներ չեն շտապում շնորհավորել Իլհամ Ալիևին:
Հոդվածի հեղինակի կարծիքով` արևմտյան կազմակերպությունների նման վարքը հարցերի տեղիք է տալիս` մանավանդ ընտրությունների վերաբերյալ եվրոպական կազմակերպությունների բացասական գնահատականի ֆոնին:
«Հնարավոր է` նրանք համապատասխան հրահանգների են սպասում իրենց երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարություններից», - ենթադրում է հեղինակը:
Պորտալը նշում է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները նույնպես դեռ չեն շնորհավորել Ալիևին:
«Հայտնի է, որ ԵԱՀԿ և ԱՄՆ պետդեպարտամենտի քննադատական նկատողություններից հետո Բաքուն կոշտ հակաարևմտյան քաղաքականություն է վարում: Նույնիսկ սպասվում է, որ Ադրբեջանը մտադիր է բոյկոտի ենթարկել «Արևելյան համագործակցության» գագաթանաժողովը, որը տեղի է ունենալու նոյեմբերին Վիլնյուսում», - նշված է հոդվածում:
Բացի այդ, «Haqqin.az»-ը գրում է, որ խոշորագույն ռուսական «Лукойл» նավթային ընկերության նախագահ Վահիդ Ալեքպերովը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նախագահական ընտրություններում իր հաղթանակի կապակցությամբ` չնայած այն բանի, որ Ալեքպերովի` «Միլիարդատերների միություն» մուտք գործելուց հետո իր հարաբերություններն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ լարված էին:
«Ադրբեջանի ընտրություններից ընդամենը մեկ օր անց Վլադիմիր Պուտինը Վ. Ալեքպերովին կանչել է Կրեմլ: Ռուսական մամուլում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ նրան հանձնարարվել է համակարգել Ռուսաստանի և Ադրբեջանի բիզնես հարաբերությունները», - նշում է պորտալը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կազմակերպվել են նախագահական ընտրություններ, որտեղ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթել է ձայների 84,54%-ով: Երկրորդ տեղում է ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին: Վերջինս ստացել է ձայների 5,53%-ը:
Նշենք, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունների միասնական հայտարարությունում նշված է, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցել են խոսքի և ժողովի ազատությունների սահմանափակման պայմաններում: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի եվրոպական գծով նախարար Դեվիդ Լիդինգթոնը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կիսում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տեսակետն այն մասին, որ Ադրբեջանի ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ-ի առջև ստանձնած այդ երկրի պարտավորություններին: ԵԱՀԿ և Մեծ Բրիտանիայի տեսակետը կիսել է նաև ԱՄՆ պետդեպարտամենտը:
Հիշեցնենք նաև, որ նախորդ տարվա հոկտեմբերին` նախարարների խորհրդի նիստի ժամանակ, Ադրբեջանի նախագահը խիստ քննադատության է ենթարկել British Petrolium ընկերությանը նավթարդյունաբերության նվազման կապակցությամբ: Բրիտանական British Petrolium ընկերությունը գլխավորում է Ադրբեջանում «Ազերի», «Չիրագ» և «Գյունեշլի» հանքահորերի նավթարդյունաբերության գծով կոնսորցիումը: Ալիևն ընկերությանը մեղադրել է աշխատանքի ընթացքում սխալ հաշվարկներ կատարելու և պարտականությունները չկատարելու մեջ: Ավելի ուշ կոնֆլիկտը լուծվել էր:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա