«Ապահովագրելով արտահանումը` կանխարգելում ենք «քցվածությունը». Արսեն Ղազարյան
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը դրական քայլ է համարում Արտահանման ապահովագրական կազմակերպության ստեղծումը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Ա.Ղազարյանն ասաց, որ գործարարները տարիներ շարունակ առաջ են քաշել այս հարցը: «Կարծում եմ, որ ՀՀ կառավարության այս որոշումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն արտահանման ծավալների ավելացման, այլև տնտեսության զարգացման վրա»,- ասաց նա:
Նշենք, որ գործադիրի հոկտեմբերի 17-ի նիստում ընդունվեց որոշում, որի համաձայն Հայաստանում հիմնադրվում է Արտահանման ապահովագրական կազմակերպություն: Տնկերության ընդհանուր կապիտալը կազմում 1 մլրդ 950 մլն դրամ, որից կանոնադրական կապիտալը` 1,5 մլրդ դրամ: Ընկերությունը ստանձնում է արտահանման հետ կապված այնպիսի ռիսկեր, որոնք ներկայումս հնարավոր չէ ապահովագրել ՀՀ ապահովագրական շուկայում, մասնավորապես գնորդի սնանկության կամ վճարումից ինքնակամ հրաժարվելու (առևտրային ռիսկեր), արտահանման նպատակային երկրում քաղաքական, պատերազմական իրավիճակով կամ բնական աղետներով պայմանավորված (քաղաքական/երկրի ռիսկեր)` գնորդի չվճարման հետևանքով արտահանողի կրած ֆինանսական վնասների ռիսկեր:
Ա.Ղազարյանի խոսքերով` արտահանվող ապրանքների ապահովագրության մեխանիզմը գործում է ամբողջ աշխարհում: «Եթե դու արտահանումը ապահովագրում ես, ապա դրանով կանխարգելում ես «քցվածությունը», քանի որ արտահանվող ապրանքների գումարների ստացման երաշխիքը տալիս է տվյալ կազմակերպությունը: Եթե ապրանքը արտահանում ես, բայց 2-3 ամիս հետո դրա դիմաց քեզ չեն վճարում, ապա այստեղ Արտահանման ապահովագրական կազմակերպության կողմից ստանում ես փոխհատուցում: Այսպիսիով, արտահանողի ֆինանսական ռիսկերը դառնում են զրո»,- ասաց Ա.Ղազարյանը: