Նիկոլայ Բորդյուժա. «Սերժ Սարգսյանի կողմից հնչել է բարեկամական քննադատություն»
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարզապես հնչել է բարեկամական քննադատություն»: Այսօր կայացած Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև տեսակամրջի ժամանակ պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե ՀԱՊԿ-ում քննարկվել է արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կառույցի վերջին գագաթաժողովում կազմակերպության որոշ անդամների դիրքորոշման քննադատությունը, ասաց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Ես ձեզ հավատացնում եմ` չի եղել կտրուկ քննադատություն: Իհարկե Սերժ Սարգսյանը բարձրացրել է ՀԱՊԿ-ի որոշ անդամների կողմից ոչ բարեկամական փաստաթղթերի ընդունմանը մասնակցելուն հարցը, սակայն դա բարեկամական քննադատություն էր: Նման հարցերը քննարկվում են կառույցի շրջանակներում: Նմանատիպ հարցեր բարձրացնում են կառույցի բոլոր անդամ երկրների նախագահները»,-նշեց Ն. Բորդյուժան:
Այն հարցին թե արդյոք Վիլնյուսում հնարավոր ստորագրվելիք փաստաթուղթը կազդի ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների վրա Ն. Բորդյուժան նշեց, որ այս ամենի պատասխանը տրվել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ սեպտեմբերյան հայտարարությամբ:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում կայացած ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում հայտարարել էր.«Ի հակադրություն մեր իսկ կողմից ընդունված որոշումների, որոշ անդամ պետություններ այլ հարթակներում և ուրիշ կազմակերպություններում նույն հարցի կապակցությամբ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին: Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում՝ նախագահական մակարդակով, որոնցում ադրբեջանական կողմի մատուցմամբ ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը»: