Դավիթ Սարգսյան. Արտաքին պարտքի սպասարկման պիկն անցյալում է (Տեսանյութ)
Panorama.am-ի հարցազրույցը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսանի հետ:
- Պարոն Սարգսյան, վերջին մեկ ամսվա ընթացքում ֆինանսական ոլորտում տեղի ունեցան մեկը մյուսից կարևոր իրդարձություններ: Ցանկալի է այսօր անդրադառնալ դրանց և, եթե հնարավոր է, նաև ճանաչողական բնույթի տեղեկատվություն տալ: Առաջին իրադարձությունն հայկական առաջին եվրաբոնդերի` արտարժույթային պարտատոմսերի թողարկումն էր: Ի՞նչ է սա իրենից ներկայացնում և ի՞նչ խնդիր է լուծելու:
- Եվրապարտատոմսերը կամ եվրաբոնդերը արտարժույթով արտահայտված պարտատոմսեր են: Հայաստանն արդեն 18 տարի թողարկում է պարտատոմսեր, սակայն դրանք դրամով արտահայտված պարտատոմսեր են և թողարկվում են Հայաստանի շուկայում: Դրանց հիմնական նպատակը Հայաստանի Հարապետության տնտեսությունից ազատ ֆինանսական ռեսուրսների ներգրավումն է: Եվրապարտատոմսերը արտարժույթով արտահայտված պարտատոմսեր են և դրանց հիմնական նպատակը ՀՀ-ի շուկայից դուրս ֆինանսական միջոցների ներգրավումն է: Այն եվրապարտատոմսերը, որոնք կառավարությունը թողարկել է սեպտեմբեր ամսին, դոլարով արտահայտված պարտատոմսեր են, և դրանց շրջանառության հիմնական շուկան միջազգային շուկան է: Այն չունի սահմաններ, ներդրողները տարբեր երկրներից են: Եվրապարտատոմսերը թողարկվել են 7 տարի ժամկետով, ընդհանուր առմամբ ներգրավվել է 700 մլն դոլար` 6 տոկոս տոկոսադրույքով: Պարտատոմսերը ձեռք են բերել մասնավոր ներդրողներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, եվրոպական մնացած երկրներից, մասամբ նաև Ասիայից:
Ինչո՞ւ է կառավարությունը հենց հիմա որոշել թողարկել պարտատոմսեր: Այս հարցին անդրադառնալու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի գործոն: Առաջինն այն է, որ ՀՀ-ն թևակոխել է զարգացման նոր փուլ, իսկ դա նշանակում է՝ եթե մինչև հիմա մշտապես համարվել ենք միջազգային ֆինանսական կառույցների ֆինանսական աջակցության կարիքն ունեցող աղքատ երկիր, ապա այժմ միջազգային ֆինանսական կառույցները Հայաստանը դադարել են համարել աղքատ երկիր և դիտարկում են արդեն որպես միջին եկամուտ ունեցող: Դա նաև նշանակում է, որ միջազգային ֆինանսական կառույցները ոչ թե պետք է աջակցություն տրամադրեն այդ երկրին, այլ շուկայական պայմաններով ապահովեն այդ երկրի ֆինանսավորումը: Այս պարագայում չափազանց կարևոր է աշխատել ներդրողների հետ ոչ թե այն փաստարկներով, որ մենք աղքատ երկիր ենք և մեզ պետք է աջակցություն՝ այս կամ այն ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար, այլ պետք է աշխատել ներդրողների հետ` բացատրելով, որ կա երկիր, որը տնտեսական զարգացում է ապահովում, որտեղ իրենք կարող են շահավետ ներդրում կատարել: Նման որոշում կայացնելու երկրորդ պատճառը կամ փաստարկն այն է, որ Հայաստանում գործող մասնավոր բիզնեսը, մասնավոր ընկերությունները նույնպես ներդրումների, ֆինանսավորումների ներգրավման կարիք ունեն: Բնական է, որ բիզնեսն այս ֆինանսավորումը որոնում է միջազգային ֆինանսական շուկաներում: Այսօր այդ շուկաներում իրավիճակն այնպիսին է, որ եթե պետությունն այդ շուկաներից միջոցներ չի ներգրավել, ապա մասնավորը այդ նույն շուկաներից գրեթե չի կարող ներդրումներ ներգրավել: Անգամ կարողանալու դեպքում էլ դրանք չափազանց թանկ պայմաններով են լինելու, որովհետև ներդրողները սկզբից փորձում են գործ ունենալ պետության հետ, հասկանալ պետության վարքագիծը և դրա հետ կապված ռիսկերը, այնուհետև միայն՝ պետության մասնավոր հատվածի հետ: Կառավարությունը վերջին 1-1,5 տարվա ընթացքում ստացել է մասնավոր դիմումներ մեկ-երկու ընկերություններից, որոնք նույնպես մտադրություն են ունեցել միջազգային ֆինանսական շուկաներից միջոցներ ներգրավել`ապագայում բիզնեսի զարգացում ապահովելու համար:
-Եթե գաղտնիք չէ, ո՞ր ոլորտներում են գործում այդ ընկերությունները:
-Խոսքը տարբեր ոլորտների մասին է: Պետության պարտականություններից մեկն է ապահովել ուղենիշային թողարկումներ, որպեսզի ճանապարհ բացվի նաև մասնավորի համար, որպեսզի մասնավորը կարողանա միջազգային ֆինանսական շուկաներից միջոցներ ներգրավել: Երրորդ նկատառումն այն է, որ նման պարտատոմսերի թողարկումը նշանակում է, որ դիվերսիֆիկացնում ենք ֆինանսավորման մեր աղբյուրները: Այսինքն` գործ ենք ունենում ավելի մեծ թվով ներդրողների հետ, արդեն չենք ապավինում 1, 2 կամ 3 ֆինանսավորողի վրա և ստանում ենք հնարավորություն ազատ ֆինանսական շուկայից ռեսուրսներներ գրավել: Սրանք հիմնական այն 3 շարժառիթներն էին, որոնք ստեղծել էին պայմաններ կառավարության կողմից նման որոշում կայացնելու համար:
-Ձեր նշածն, ըստ էության, այն նախադրյալներն էին, որոնց պատճառով կառավարությունը կայացրեց քաղաքական որոշում: Այնումենայնիվ, ինչո՞վ էր պայմանավորված սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում տեղաբաշխելու որոշումը, որովհետև ոմանք այս ամենի հետևում փորձում են գտնել որոշակի սիմվոլներ` կապված Անկախության օրվա, կամ ԱՄՆ-ում ռեզերվների դաշնային գործակալության նիստի հետ, կամ նշվում է, որ կառավարությունը փող չուներ և դրա կարիքը կար: Որոշումը մի տեսակ անակնկալ էր:
- Իհարկե այն, որ թողարկումը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին, գուցե տարբեր մարդկանց մոտ տարբեր ասոցիացիաներ է առաջացրել, բայց այստեղ որևէ միտում չի եղել: Ընդհանուր առմամբ` կառավարությունը ձգտել է այդ տեղաբաշխումն իրականացնել սեպտեմբեր ամսին: Դա պլանավորված է եղել դեռևս գարնանը: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու հենց սեպտեմբեր ամսին, ապա այդ քայլը ունի կարճաժամկետ և երկարժամկետ նկատառումներ: Երկարաժամկետ տեսանկյունից միջազգային ֆինանսական ճգնաժամից հետո և այս միջազգային ճնգաժամային իրավիճակում բոլոր երկրներում՝ հատկապես զարգացած, տոկոսադրույքները նվազել են: Առկա են աննախադեպ, պատմականորեն ամենացածր տոկոսադրույքները: Այս պարագայում մշտապես շահույթ ստանալու նպատակ հետապնդող մասնավոր ներդրողները բնականաբար որոնում են շահույթի նոր աղբյուրներ, որոնում են նոր շուկաներ, որտեղ կարող են ներդրումներ կատարել: Այս համատեքստում բոլոր զարգացող երկրներին ընձեռվել է որոշակի առումով ունիկալ շանս` մատչելի պայմաններով ռեսուրսներ ներգրավվել մասնավոր ներդրողներից` ապահովելով մի փոքր ավելի բարձր եկամտաբերություն, քան այսօրվա զարգացած երկրները: Սակայն, միևնույն է՝ շատ ավելի ցածր, քան թե պատմականորեն զարգացած երկրներում է եղել: Սա ընդհանուր առմամբ:
Ինչո՞ւ էր դա այս տարի չափազանց կարևոր: Դեռևս մայիս ամսին ԱՄՆ կենտրոնական բանկը` ֆեդերալ ռեզերվների բանկը, հայտարարություն էր արել, և այդ հայտարարության մեջ այն միտքն էր, որ Ամերիկան, ամերիկյան տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից, և շատ շուտով ԱՄՆ կենտրոնական բանկը կսկսի բարձրացնել տոկոսները: Եվ բոլոր ապագա թողարկողները՝ այդ թվում և Հայաստանը, փորձում էին մեկ օր ավելի շուտ անել դա, որովհետև եթե տոկոսները բարձրանային, հետո ավելի քիչ հավանական կլիներ, որ մենք կթողարկենք մեզ համար ընդունելի տոկոսներով: Սա այն մասին, թե ինչու էր պետք դա անել ավելի շուտ: Սակայն ամռան ամիսներին միջազգային շուկաներում, որպես կանոն, խաղաղություն է, և ներդրողները գործարքներ չեն իրականացնում: Սեպտեմբերը համարվում է լավագույն ամիսներից մեկը, երբ ամառվա հանգստից հետո բոլոր ներդրողները մտնում են շուկա, հանդես գալիս շուկայում, ունենում բավականին մեծ ծավալի կուտակած գումարներ, որոնք ցանկանում են ներդնել: Դրանով էր պայմանավորված հենց սեպտեմբեր ամիսը: Եթե նայեք, թե ինչ էր տեղի ունենում միջազգային ֆինանսական շուկաներում սեպտեմբերի առաջին երկու-երեք շաբաթների ընթացքում… Վերջին 40-50 տարիների ընթացքում տեղի են ունեցել պարտատոմսերի ամենամեծ ծավալի թողարկումները, հենց 2013թ սեպտեմբեր ամսվա առաջին երկու շաբաթների ընթացքում: Օրինակ՝ ամենախոշոր թողարկումն է իրականացրել «Վերիզոն» կազմակերպությունը՝ 45 մլրդ դոլարի պարտատոմսեր մեկ թողարկմամբ: Ռուսաստանն այս շաբաթներին թողարկել է 7 մլրդ դոլարի պարտատոմս: Դա արել են մի շարք այլ երկրներ նույնպես: Այսինքն` այդ երկու, երեք շաբաթվա ընթացքում բոլոր հնարավոր թողարկողները պարտատոմսեր էին թողարկում:
Ինչ վերաբերում է կոնկրետ օրվան՝ ինչո՞ւ սեպտեմբերի 19-ին, այլ ոչ թե 16-ին, ապա ի սկզբանե մեր կողմից ընտրված բանկերի` այսինքն «JP Morgan»-ի, «HSBC»-ի «Deutsche Bank»-ի հետ պայմավորվածություն ունեինք, որ հենց սեպտեմբերի 16-ին է տեղի ունենալու թողարկումը: Սակայն սեպտեմբերի 16-ին հասկանալի դարձավ, որ բոլորի սպասումները՝ սեպտեմբերի 18-ին ԱՄՆ կերտրոնական բանկի կողմից տոկոսները բարձրացնելու վերաբերյալ գերակշռում էին, բոլոր տոկոսները բարձրացել էին: Եվ որոշում կայացվեց սպասել մի քանի օր` հասկանալու համար, թե ինչպիսին կլինի շուկան երեք օր հետո: Եվ իսկապես, սեպտեմբերի 18-ին կենտրոնական բանկը հայտարարություն արեց, որ դեռևս չի պատրաստվում բարձրացնել տոկոսները, և այդ օրը շուկայում եղավ տոկոսների նվազում և ՀՀ-ն թողարկեց պարտատոմսերը:
- Այսինքն` կարելի է ասել, որ Հայաստանը իսկապես հաշվի է առել կոնյուկտուրան միջազգային ֆինանսական շուկայում:
- Այո: Դա քայլ էր ճիշտ պահին: Դա նաև ճիշտ քայլ էր այն բանկերի կողմից, որոնք կազմակերպում էին Հայաստանի պարտատոմսերի թողարկումը: Նաև իրենք մեզ հուշեցին և այդ պատկերավոր արտահայտությունը այդ օրը հնչեց` թե երեկ շուտ էր, վաղը` ուշ է լինելու, այսօր է ճիշտ օրը: «Այս օրը» մենք կազմակերպեցինք թողարկումը:
- Չնայած, ինչպես դուք նշեցինք, սեպտեմբեր ամսին ահռելի ծավալով թողարկումներ էին եղել տարբեր սուբյեկտների կողմից, բայց հայկական պարտատոմսերը, կարծես թե, լուրջ պահանջարկ էին վայելում: Կարծեմ, հենց առաջին տեղաբաշխումից անմիջապես հետո եղած տեղեկությունները խոսում են մինչև 2 մլրդ դոլար պահանջարկի մասին: Նման պահանջարկի առկայության դեպքում հնարավոր չէ՞ր էլ ավելի ցածր տոկոսադրույքով տեղաբաշխել, նամանավանդ ես հիշում եմ, որ մի քանի ժամվա ընթացքում տոկոսադրույքը մի քանի անգամ վերանայվեց:
- Տեղաբաշխման տեխնիկան հետևյալն է. միջազգային շուկաներում գոյություն ունեն կանոններ և այդ կանոներից մեկը, որը վերաբերում էր պարտատոմսերի մեր ընտրած տեսակին, թույլ չի տալիս կատարել հրապարակային օֆերտա: Այսինքն` մենք կարող ենք հանդիպել դեմ առ դեմ յուրաքանչյուր ներդրողի հետ, սակայն իրավունք չունենք գովազդել` ասել Հայաստանը թողարկում է, էստի համացեք: Այս պատճառով որևէ հրապարակայնություն, որևէ տեղեկատվության տրամադրում կարող էր լինել այդ կանոնի խախտում, և կարող էր բացասաբար անդրադառնալ մեր թողարկման վրա: Այդ լուռ ռեժիմի պահպանումը նաև երկրորդ շարժառիթն ուներ` նախապես որևէ ազդակ չհաղորդել շուկայի մասնակիցներին, որ սխալ սպասումներ չձևավորվեն, օրինակ, որՀՀ-ն կհամաձայնվի այսքան տոկոսով: Եվ որպեսզի տեղեկատվական սխալ սպասումներ չձևավորվեն, ռեժիմը, որով աշխատում են բոլորը, լիակատար լռությունն էր և որևէ ինֆորմացիոն արտահոսքի բացառումը:
- Այսինքն` այսօր առկա այն մեղադրանքները, որ ՀՀ կառավարությունը թափանցիկ չի գործել պարտատոմսերի տեղաբաշխման առումով, անհիմն են, որովհետև Հայաստանը գործել է խաղի կանոների շրջանակներում:
- Մենք հայտարարել էինք, որ թողարկելու ենք. մայիս ամսին կառավարությունը համապատասխան փաստաթուղթ էր ընդունել` ռազմավարություն, որտեղ նշել էր, որ թողարկելու է պարտատոմսեր, նշել էր, որ մինիմալ ծավալը լինելու է 500 մլն դոլար, իսկ առավելագույն սահմանը՝ 1 մլրդ դոլար, որ ժամկետայնությունը լինելու է 5-10 տարի: Սա առավելագույնն էր, ինչ մենք կարող էինք հրապարակել: Ինչպես նաև հրապարակել ենք այն նպատակները, թե որտեղ ենք ուղղելու այն գումարները՝ ստացված պարտատոմսերի թողարկումից: Այսինքն` այս առումով մենք եղել ենք բաց և հասկանալի բոլորի համար: Այնուհետև գործողությունները պետք է լինեին որոշակի առումով փակ, որպեսզի շուկայում սխալ սպասումներ և միտումներ չձևավորվեն: Տեղաբաշխաման օրը, երբ բացվեցին, այսպես կոչված՝գրանցամատյանները, որտեղ ընդունվում են բոլոր հնարավոր ներդրողներից հայտերը, մոտավորապես 2 մլրդ դոլարի հայտ կար մինչ ԱՄՆ շուկաների բացվելը
(առկա է ժամային գոտիների տարբերություն): Այս ժամանակահատվածում մեր տեղաբաշխող բանկերը մի փոքր հայտարարություն արեցին, որ արդեն առաջին հայտերը մենք ստանում ենք, որ պահանջարկն արդեն 2 միլիարդ դոլարի է հասնում: Հետագայում հայտերը մի պահ բարձրացան մինչև 3 միլիարդ դոլար: Այնուհետև մի քիչ նվազեց, և 2.7 միլիարդ դոլարով գրանցամատյանները փակվեցին.մենք ունեինք 2.7 միլիարդ դոլարի հաստատուն պահանջարկ: Տոկոսի հետ կապված` հնարավո՞ր էր արդյոք ավելի ցածր: Արվեց առավելագույնը, որպեսզի ստանանք նվազագույն տոկոսներ. սկզբից 6.375 էր, հետո 6.3 էր ու իջավ 6.25: Եթե մենք 6.25-ից իջնեինք 6.24, այդ ժամանակ ներդրողները հրաժարվում էին ձեռք բերել պարտատոմսերը: Դա մինիմալ այն գինն էր, որով նրանք համաձայնվում էին ներդրումներ կատարել` հաշվի առնելով շուկայում այդ պահին առկա այլընտրանքները: Եվ մենք, և մեր գործընկերները բանկերում՝ ում հետ մենք աշխատել ենք, բոլորը կարծում էին, որ դա այդ պահին նվազագույն տոկոսադրույքն էր, որ մենք կարողացել ենք ապահովել:
- Պարոն Սարգսյան, վերջում` նպատակների մասին: Ձեռք բերված միջոցներն արդեն հայտնի են, որ ուղղվելու են առաջին հերթին ռուսական վարկի մարմանը: Ինչո՞ւ են այս միջոցները ծախսվում ավելի ցածր տոկոսադրույքով, ըստ երևույթին, ավելի լավ պայմաններով վարկի մարմանը: Որքան գիտեմ ռուսական վարկի տոկոսադրույքը 4% է:
- Ռուսաստանից ստացված վարկի տոկոսադրույքը 4% չէ: Իրականում տոկոսադրույքը, որ դրված է վարկի հիմքում, լողացող տոկոս է` սահմանված LIBOR+3: Այս տոկոսը Լոնդոնի միջբանկային շուկայում ձևավորվող տոկոսն է, որն ամեն օր է ձևավորվում: Ինչպիսի՞ն կլինի այդ օրը տոկոսադրույքը Լոնդոնի միջբանկային շուկայում, գումարած 3%՝ կստացվի ռուսական վարկի տոկոսը: Այսօր այդ տոկոսը 0.41 գումարած 3 է` արդյունքում 3.41տոկոս: Թվում է, որ մենք 6%-ով ծածկում ենք 3.41%-ով վարկը: Ես մի քիչ առաջ ասում էի, որ այսօր ամբողջ երկրագնդով մեկ ամենացածր տոկոսադրույքներն են ճգնաժամի պատճառով: Միևնույն ժամանակ, բոլոր երկրները դուրս են գալիս ճգնաժամից և բոլորի սպասումներն այնպիսին են, որ տոկոսները բարձրանալու են: Վերջին 10 տարին, ներառյալ այս 4-5 տարիները, երբ պատմականորեն ամենացածր տոկոսներն են եղել, LIBOR-ի միջին տոկոսադրույքը կազմել է 2.5 և գումարած 3, դա արդեն 5.5 է: Խելամիտ է կանխատեսել, որ առաջիկա 10 տարվա ընթացքում միջինը կլինի 2.5, ինչու պետք է ավելի ցածր լինի, եթե ամբողջ աշխարհը դուրս է գալիս ճգնաժամից: Աշխարհում, ֆինանսական շուկաներում գոյություն ունի մի գործիք, որը կոչվում է SWOP: Այդ գործիքը կիրառվում է այն դեպքերում, երբ որևէ մեկը ունի լողացող տոկոսադրույքով ֆինանսական գործիք և ուզում է փոխարկել ֆիքսված տոկոսադրույքով գործիքի: Եվ այդ գործիքը, երբ կիրառում ես, այսօրվա մեր ռուսական վարկի տոկոսը կազմում է 6.05%: Քանի որ ռուսական վարկը պետք է մարվի առաջիկա 10 տարում, ապա առաջիկա 10 տարում վարկի սպասարկումը կարժենար միջինում տարեկան 6% : Մենք թողարկեցինք ֆիքսված տոկոսադրույքով պարտատոմս, որով մարեցինք այդ վարկը: Ընդհանուր առմամբ, կառավարության ռազմավարությունն է աստիճանաբար նվազեցնել բոլոր այն վարկերի տեսակարար կշիռը, որոնք ունեն լողացող տոկոսադրույք, որովհետև ակնհայտ է՝ առաջիկա 10-15 տարում բոլոր լողացող տոկոսադրույքները բարձրանալու են: Ձեռնտու է ունենալ ֆիքսված տոկոսադրույք:
- Վերադառնանք պարտատոմսերին: Դուք նշեցիք, որ հայկական պարտատոմսերի ինվեստորները գտնվում են տարբեր երկրներում, իսկ դրանք ունե՞ն երկրորդային շուկաներում իրացվելու հնարավորություն, թե՞ ոչ:
- Այսօր դրանք վաճառվում, ձեռք են բերվում: Արդեն փոխվել է մեր պարտատոմսերի տոկոսադրույքը, այսինքն, ամեն օր գոյություն ունեն ինչ-որ գործարքներ շուկայում: Ամեն օր ստանում ենք պարտատոմսի այդ օրվա ձևավորված գինը`երկրորդային շուկայում. եթե չեմ սխալվում երեկ դրանց գինը կազմել էր 6.31%: Դրանից մի օր շուտ` 6.27% , մեկ օր առաջ` մեկ այլ տոկոս, բայց դրանք երկրորդային շուկայում արդեն գնանշումներն են:
- ՀՀ կառավարությունը հնարավորություն ունի՞ հետևելու երկրորդային շուկայի զարգացումներին և ովքե՞ր են հետաքրքրություն ցուցաբերում այդ պարտատոմսերի նկատմամբ:
- Մենք ունենք հնարավորություն: Ընդհանուր առմամբ, այն ներդրողների 43%-ը, որոնք ձեռք են բերել այդ պարտատոմսերը, ԱՄՆ-ից են, 23%-ը`Մեծ Բրիտանիայից, շուրջ 17% կոնտինենտալ Եվրոպայից և մնացածը այլ երկրներից: Բոլոր այդ ներդրողների մեծամասնությունը ինստիտուցիոնալ ներդրողներ են, այսինքն՝ դրանք կենսաթոշակային հիմնադրամներ են, խոշոր ապահովագրական ընկերություններ, ֆինանսական այնպիսի կազմակերպություններ, որոնք ունեն ֆինանսական երկարաժամկետ խնայողություններ և այդ խնայողությունների ներդրման ուպահպանման կարիք: Այսինքն, դրանք սպեկուլյանտներ չեն, թրեյդերներ չեն, որոնք ամեն օր գնում և վաճառում են: Մեծամասամբ, պորտֆելի 90%-ը լուրջ, ինստիտուցիոնալ ներդրողներ են, որոնք ամենօրյա առք ու վաճառքի նպատակներ չունեն, ինչը մեզ վստահություն է ներշնչում, որ երկրորդային շուկայում ինչ-որ սպեկուլյատիվ հարձակումներն ավելի քիչ են հավանական:
- Երբ թողարկվում էին հայկական պարտատոմսերը, առաջինն, ինչ արեցին արևմտյան ֆինանսիստները, դա պարտատոսմերը Քարդաշյանի անունով կնքելն էր: Նման մականունները ինչքանո՞վ են ազդում պարտատոմսերի գրավչության վրա, եթե հաշվի ենք առնում, որ ձեռքբերողներն ինստիտուցիոնալ կառույցներ են ի վերջո:
- Ես կարծում եմ, որ դրանք որևէ ազդեցություն չունեն, և, ընդհանրապես, մինչև պարտատոմերի թողարկումը մենք հանդիպումներ ենք ունեցել շուրջ 60 տարբեր ներդրողների հետ: Որևէ մի հանդիպման ժամանակ այդ անունը չի հնչել և ընդհանրապես չի քննարկվել: Դա ավելի շատ լրագրողների, թրեյդերների ինչ-որ մի հնարք է, որ նրանք օգտագործում են, բայց ես չեմ կարծում, որ դա որևէ կերպ ազդել է: Համենայնդեպս, մենք ներդրողների հետ մեր հանդիպումների ժամանակ դրա մասին ընդհանրապես չենք խոսել:
- Moddy’s-ը և Fitch-ը որոշակի ռիսկեր են տեսնում հատկապես կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների հետ կապված: Հայասատանի կառավարությունը ի՞նչ միջոցառումներ է նախատեսում նախանշված ռիսկերից խուսափելու կամ դրանք չեզոքացնելու առումով:
- Moddy’s-ը և Fitch-ը, երբ որ ռեյտինգավորում են երկիրը, տալիս են և դրական և բացասական կողմեր: Դրական կողմերից նշել են տնտեսական աճը վերջին 3 տարվա ընթացքում, որն ապահովվել է ավելի բարձր, քան սպասվում էր: Դրական կողմերից է պետական բյուջեի դեֆիցիտի շատ ցածր մակարդակը, կառավարելի ցածր մակարդակը` մինչև 3%: Դրական կողմերից են նաև մի շարք այլ զարգացումներ: Բացասական կողմերից կա մեկ-երկու գործոն, որոնք չափազանց կարևոր են: Առաջինը գեոպոլիտիկ ռիսկերն են, որոնք նշում են այդ 2 ռեյտինգավորող կազմակերպությունները. դրանք առկա են, և բոլորս դրանց հետ հաշվի ենք նստում: Երկրորդը` տնտեսական ռիսկերի մասով, տնտեսության դոլարիզացիայի բարձր մակարդակն է: Մեր տնտեսության շուրջ 70%-ը դոլարիզացված է համարվում, այսինքն և վարկերի, և ավանդների շուրջ 65-70%-ը արտարժույթով են: Դա բացասական երևույթ է: Երրորդը` ապագա տնտեսական զարգացումներն են կապված մեր հիմնական առևտրային գործընկերների` Ռուսաստանի և Եվրոպայի հետ, այնտեղի տնտեսական աճը, տնտեսական վիճակը: Այս առումով 2 վարկանիշային կազմակերպությունների գնահատականները միանշանակ նույնն են:
- Եթե կարելի է այս առումով մեկ հարց: Երկու գործակալություններն ել հատկապես կարևորել էին ՌԴ-ի հետ հարաբերությունները: Այս առումով, ինչքանո՞վ դրական կարող է ազդել Հայաստանի միջազգային վարկանիշի վրա Մաքսային միությանը միանալու որոշումը: Կա՞ նման ազդեցություն, թե՞ ոչ:
- Իմ անձնական կարծիքով և ոչ միայն իմ, այդ որոշումը դրական է ազդում: Մեր հանդիպումները ներդրողների հետ պարտատոմսերի թողարկման ժամանակ դրա մասին են վկայում: Ամենաառաջինը` Հայաստանը ստանում է հնարավորություն ազատ մուտք գործել մի շուկա, որտեղ ապրում է 160 միլիոն մարդ: Դա չափազանց կարևոր է մեր ապագա տնտեսական զարգացման առումով: Վերջին 10-15 տարիների ընթացքում ուղղակի ներդրումների շուրջ կեսը, որոնք իրականացվել են Հայաստանում, եղել են ՌԴ-ում գործող ձեռնարկությունների կողմից, այսինքն՝ ՌԴ-ից են Հայաստանի ուղիղ ներդրումների շուրջ կեսը: Մասնավոր տրանսֆերտների 80%-ը Ռուսաստանից է: Այս գործոնները տնտեսական առումով ինվեստորները քննարկում են, և հետագա ինտեգրացիան դեպի ՌԴ ավելիշուտ դրական գործոն է, քան բացասական: Երկրորդ, ներդրողների և անալիտիկների հետ քննարկումների ժամանակ միշտ համեմատվում է` ԵՄ ազատ տնտեսական գոտի, թե Մաքսային Միություն: Այդ համեմատության մեջ շատ կարևոր էլեմենտ կա: Պատկերացնենք մի պահ, թե մենք գնում ենք դեպի Եվրոպա և ազատ տնտեսական գոտի կամ գնում ենք դեպի Մաքսային Միություն` կարճաժամկետ և երկարակաժամկետ կտրվածքով ի՞նչ օգուտներ կամ խնդիրներ են ստեղծվում Հայաստանի համար: Առևտրի տեսանկյունից, գոյություն ունեն առևտրի տեխնիկական խոչընդոտներ, այսինքն որակի ստանդարտներ, տեխնիկական կանոնակարգեր և այլն: Տեխնիկական ստանդարտները, որ այսօր կան Հայաստանում, շատ ավելի մոտ են այն ստանդարտներին, որոնք ՌԴ-ում են կամ ԱՊՀ-ում են: Դրանք ձևավորվել է վերջին 10-15 տարիների ընթացքում, ինչպես նաև խորհրդային տարիներին: Երբ մենք ստորագրում ենք ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը, դա նշանակում է, որ եվրոպական ապրանքները ավելի հեշտ են մուտք գործելու Հայաստան, սակայն դա չի նշանակում, որ նույն օրը Հայաստանի ապրանքները մուտք են գործելու ԵՄ-ի շուկա, որովհետև մենք պետք է փոխենք մեր ստանդարտները, կանոնները, իսկ այդպիսի ստանդարտներ փոխելը 5-7 տարվա գործ է: Այսինքն, առաջիկա 5-7 տարիներին ավելի մեծ է հավանականությունը, որ այնտեղից ներմուծումը կավելանա, քան թե՝ Հայաստանից արտահանումը: Մաքսային միության ժամանակ այդ տեխնիկական որակների ստանդարտների խնդիրը չկա: Այսօր իսկ մեր ապրանքների հնարավորությունն ավելի մեծ ծավալներով արտահանում կազմակերպել դեպի այդ շուկա ավելին է, քան թե եվրոպական: Իսկ երկարաժամկետում ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը, բոլորն էլ ձգտում են իրենց տեխնիկական կանոնները և ստանդարտները փոխել, մոտեցնել այն ստանդարտներին, որոնք գոյություն ունեն ԵՄ-ում: Մենք այս ճանապարհը պետք է անցնենք Մաքսային միության կազմում: Սա լուրջ գործոն է, որը հաշվի են առնում նաև ներդրողները: Նույն այդ ներդրողները հենց այսպես էլ գնահատում են, թե ինչպիսին կարող է լինել զարգացումը: Բոլոր այս գործոնները հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ այս որոշումը ավելի շուտ դրական ազդեցություն է թողնում, քան բացասական: Մանավանդ, որ բոլոր այդ ներդրողները աշխատում են նաև ՌԴ-ի շուկայում:
- Ինչո՞ւ Հայաստանը չի փորձում ավելի ծավալուն միջոցներ ներգրավել Հայաստանի շուկայից, եթե հաշվի առնենք, որ իսկապես շատ մեծ ծավալի, ՀՆԱ-ի գրեթե 14%-ի չափով արտարժույթ է մտնում երկիր: Հնարավոր չէ՞ արտարժույթով պարտատոմսեր թողարկել հենց երկրի ներսում:
- Արտարժույթով պարտատոմսերի թողարկումը երկրի ներսում այնքան էլ դրական չէ: Նոր մենք խոսում էինք, որ երկիրը ռեյտինգավորող կազմակերպությունները երկրի դոլարիզացիան համարում են բացասական երևույթ: Եթե մենք այդպիսի քայլ անենք, մեծ է հավանականությունը, որ ռեյտինգընույնիսկ կնվազի: Սա առաջինը: Ես չեմ ասում, որ դա պետք է բացառել, բայց նման որոշումը շատ ավելի երկար հաշվարկների կարիք ունի, և դրա վրա ազդող գործոնները ավելի շատ են, քան զուտ ինչ-որ ներդրումներ ներգրավելը: Իսկ ընդհանուր առմամբ, եթե ստեղծվի բարենպաստ միջավայր` կայունության տեսանկյունից, այդ գումարները ավտոմատ կհոսեն դեպի ներդրումներ, այլ ոչ թե սպառում, և, ընդ որում, վերջին ժամանակահատվածում մենք նկատում ենք սպառման որոշակի ծավալների ստաբիլիզացիա, այլ ոչ թե ավելացում: Ներդրումների մասով, եթե նայեք, թե վերջին 5-6 տարիներին ինչ ապրանքներ ենք մենք ներմուծում, ապա կտեսնեք, որ բենզինից, դիզվառելիքից, այսինքն` էներգակիրներից հետո երկրորդ ամենախոշորը, ընդհանուր մեր ներմուծման մեջ ամենից մեծ տեսակարար կշիռ ունեցողը, եթե չեմ սխալվում գրեթե 27%-ը, մեքենա-սարքավորումներն են: Դա նշանակում է, որ մենք ներմուծում ենք տեխնոլոգիա, սարքավորումներ, որոնք պետք է աշխատեն որևէ գործարանում: Սա շատ դրական է:
-Պարոն Սարգսյան, պետական պարտքի թեման չենք կարող շրջանցել: Երբ խոսում ենք պարտատոմսերից, տարբեր վարկերից, նաև երկրի ներսում թողարկվող կարճաժամկետ և միջնաժամկետ պարտատոմսերից, առաջինը մտաբերում ենք պետական պարտքը և դրա բեռը պետության ուսերին: Կգհնահատե՞ք` նախ եվրաբոնդերի թողարկումից հետո իրականում ինչքանով է ծանրաբեռնում պետական պարտքը, եթե հաշվում ենք, որ ռուսական վարկը պետք է մարվի, և առհասարակ միտումներն ինչպիսի՞ն են այս ոլորտում:
- Այս տարի` 2013թ.-ը, մենք կավարտենք ընդհանուր մեր պարտքը ՀՆԱ-ում մոտ 46% ցուցանիշով: Եթե ես չեմ սխալվում, 2012թ.-ը մենք ավարտել ենք 44,6%-ով: Այսինքն` 1,5-2%-ային կետով ավել: 46%-ն ընդհանուր մեր պարտքն է, և այդ ընդհանուր պարտքից արտաքին պարտքը կկազմի մոտ 38-39%: Այս երկու ցուցանիշներն էլ համարվում են միջին պարտքի բեռ ունեցող երկրի ցուցանիշներ: Դրանք բարձր չեն համարվում, պրոբլեմատիկ չեն: Մեր երկրի օրենսդրությամբ` կա երկու սահմանաչափ` 50% և 60%: Ըստ մեր օրենսդրության՝ թույլատրելի է, որ պարտքը հատի 50% սահմանաչափը ՀՆԱ-ում, սակայն այդ տարվանից ի վեր կառավարությունը պետք է ապահովի պետական բյուջեի դեֆիցիտն ավելի ցածր, քան 3%-ն է: Այսօր մեր պետական բյուջեի դեֆիցիտը ավելի ցածր է, քան 3%-ը, և 2014թ.-ի համար այն կազմում է 2,3%՝ այն, ինչը որպես նախագիծ կառավարությունը ներկայացրել է Ազգային ժողով: Եվ կա երկրորդ սահմանաչափը` 60%, որից ավել պարտք վերցնելը արգելված է Ազգային ժողովի կողմից. այս երկու ցուցանիշներից էլ մենք հեռու ենք:
-Առաջիկայում` միջնաժամկետ հատվածում կամ անգամ երկարաժամկետ` 10 տարվա կտրվածքով պարտավորությունների սպասարկման տեսանկյունից ամենածանր տարին ո՞րն է:
-Անցել է:
-Արդեն անցե՞լ է:
-Այո:
-Այսինքն մենք վայրէջքի փուլո՞ւմ ենք:
-Ոչ, վայրէջքի հարցը չէ: Ամենածանր տարին անցել է: 2014թ.-ին մենք ավելի քիչ ենք սպասարկելու, քան 2013թ.-ին, 2015թ.-ին ավելի քիչ, քան 2014թ.-ին: Դա միգուցե ավելի փոքր է, քան մենք կուզենայինք, բայց ավելի քիչ է: Այս պահին պարտքի սպասարկման դինամիկան դեպի ներքև է: Առաջիկա և տաս, և հինգ տարիներին, և այս տարի նույնպեսպարտքի սպասարկումը ՀՀ համարխնդիր չի լինելու: Այս գումարները պատշաճ կերպով արտացոլված են եղել պետական բյուջեի նախագծում և հետագայում պետական բյուջեի օրենքում. դրանք մշտապես սպասարկվել են:
-Եթե հիշում եք, պարտադիր չէ թվերով, որո՞նք են բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները և հաջորդ տարվա բյուջեով սահմանված հիմնական նպատակները: Պետությունն ի՞նչ կոնկրետ խնդիրներ է դնում իր առջև:
- Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով առաջարկվել է շուրջ 9% ծախսերի աճ` 1տրլն 245 մլրդ ծախսեր, դեֆիցիտը 110 մլրդ-ի շուրջ, այսինքն` ՀՆԱ-ի 2,3%-ը, մնացածը եկամուտներն են: Եկամուտների մեջ գերակշիռ մասը կազմում են հարկային եկամուտները: Հարկային եկամուտների այն քաղաքականությունը, որը դրված է 2014թ.-ի բյուջեի նախագծի հիմքում, հետևյալն է. 2014թ.-ին կառավարությունը չի նախատեսում հարկային օրենսդրության փոփոխություն և հարկերի բարձրացում կամ հարկերի հավաքագրման ավելացում: 2013թ.-ին, մեր կանխատեսումներով, հարկերի ծավալը կլինի ՀՆԱ-ի 23,1%-ը: Այն սցենարով, որ դրվել է 2014թ.-ի բյուջեի հիմքում, պահպանվելու է այդ նույն համամասնությունը, այսինքն` ձևավորվող համախառն ներքին արդյունքի 23,1%-ը: Հաշվի առնելով, որ հաջորդ տարի կանխատեսվում է տնտեսական աճ` զուտ տնտեսական աճի չափով հարկային մուտքերի ավելացումը կկազմի շուրջ 99 միլիարդ դրամ: Այսինքն` բացի այդ տնտեսական աճի ապահովումից, այլ հարկային ռեժիմների փոփոխություն և դրա հաշվին հարկերի ավելացում չիլինի: Ծախսային մասով ամենահիմնականը երկու ուղղություններ են` աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումը: Աշխատավարձերի բարձրացման առումով գիտեք, որ վերջին 5-6 տարիներին ընդհանուր առմամբ պետական համակարգում գրեթե չեն բարձրացվել աշխատավարձերը, դրանք սառեցված են եղել, իսկ որոշ պետական ծառայությունների, պետական պաշտոնյաների մասով աշխատավարձի վերանայում վերջին անգամ եղել է 7 տարի, անգամ 10 տարի առաջ: Բացի դրանից կար երկրորդ խնդիրը, որ տարբեր պետական ծառայություններում աշխատավարձերի մակարդակը տարբեր է, օրինակ՝ բաժնի պետը մի պետական ծառայությունում կարող է ստանալ 120 հազար դրամ, մեկ այլ պետական ծառայությունում 150 կամ 160 հազար դրամ աշխատավարձ: Խնդիր կար մի կողմից բարձրացնել աշխատավարձերը, մյուս կողմից` սինխրոնիզացնել, վերացնել համանման ծառայությունների միջև այդ տարբերությունները:
-Վերացնե՞լ, թե՞ մինիմալիզացնել:
-Վերացնել: Այսինքն դրանք լինեն այնպիսին, ինչպիսին պետք է լինեն բաշխված` ըստ ծառայությունների: Մշակված են համապատասխան օրենքների նախագծեր, որոնք որպես 2014թ.-ի բյուջեի նախագծի փաթեթի մաս, կառավարությունն առաջարկել է քննարկել: Եվ ըստ դրա` աշխատավարձերը ամբողջ պետական հատվածում բարձրանալու են: Աշխատավարձերի բարձրացումները կսկսվեն հունվարի 1-ից, կլինեն փուլային` ըստ տարբեր ծառայությունների և կավարտվեն հուլիսի 1-ին: Հուլիսի 1-ին ամբողջությամբ կառավարությունը կավարտի աշխատավարձերի բարձրացման գործընթացը: Արդյունքում իսկապես աշխատավարձերի էական բարձրացում տեղի կունենա: Տարբեր թվեր են տարբեր վերլուծաբաններ մամուլում շրջանառում: Գոյություն ունի սանդղակ, և այդ սանդղակը միասնական է լինելու բոլորի համար: Քանի որ տարբեր ծառայություններ տարբեր աշխատավարձեր են ստացել և պետք է գան միևնույն մակարդակի: Ինչ-որմի ծառայության պարագայումաճն ավելի էական է, մի ուրիշ ծառայության պարագայում՝ ավելի քիչ, բայց բոլորը գալիս են նույն մակարդակի: Կան ծառայություններ, որոնց աշխատավարձի մակարդակը արդեն այդպիսին է եղել կամ քիչ է ցածր եղել, բնականաբար, իրենց աշխատավարձը շատ փոքր է ինդեքսավորվում: Բայց, ընդհանուր առմամբ, աշխատավարձերի բարձրացումը էական է լինելու: 40%-ի մասին է խոսվում. դա պետական կառավարման համակարգի կենտրոնական ապարատին է վերաբերում, այդտեղ աշխատավարձերի բարձրացումը շուրջ 40% է լինելու: Այդ 40%-ը կրկին տարբեր պաշտոնների դեպքում տարբեր է լինելու: Պաշտոն կա, որ կարող է մինչև 70% բարձրացում լինել, պաշտոն կա, որ կարող է 20% կամ 30% բարձրացում լինել:
- Որքան հասկանում եմ, դրան նախորդելու են որոշակի օրենսդրական փոփոխություններ:
- Այո, բյուջեի փաթեթով ներկայացվելու է Ազգային ժողով: Արդեն որպես մի փաթեթ ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը: Հաջորդ տարվա բյուջեով նախատեսված երկրորդ կարևոր բարձրացումների մասը կենսաթոշակներն են: Միջինում 15%-ի մասին է խոսքը: Դա ծախսերի երկրորդ հիմնական ուղղությունն է: Կան նաև այլ ծախսեր, որ նախատեսված են պետական բյուջեով: Օրինակ, երեք և ավել երեխայի ծննդյան նպաստի գումարը արդեն 1 մլն դրամի է հասնում և այլն:
-Պարոն Սարգսյան, Դուք խոսեցիք հարկային եկամուտների մասին: Գուցե ես սխալվեմ, բայց մակերեսային հետազոտությունը ցույց է տալիս, որ վերջին տարիների ընթացքում ուղղակի հարկերի տեսակարար կշիռը պետական ողջ եկամուտների ծավալի մեջ որակական փոփոխություններ չի ունենում: Չի ունենում նաև անուղղակի հարկերի ծավալը: Այստեղից կարելի է ենթադրել, որ սպառում-արժեքի ստեղծում հարաբերակցությունը չի փոխվում հասարակության մեջ, և տնտեսական աճը այլ կերպ է ձևավորվում: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Ճիշտն ասած` ես անձամբ հակված չեմ, որ ուղղակի և անուղղակի հարկերի տեսակարար կշռի այդ երկու ցուցանիշներով կարելի է բացատրել նման երևույթները, որովհետև դա կախված է հարկային ռեժիմներից և հարկային օրենսդրությունից: Օրինակ՝ եվրոպական երկրների մեծմասում անուղղակի հարկերի տեսակարար կշիռը բարձր է, բայց, ԱՄՆ-ում` չափազանց ցածր, փոխարենը բարձր է ուղղակի հարկերի տեսակարար կշիռը: Դրա համար այդ գործոններով պայմանավորելն ու դրանցով բացատրելը ինչ-ինչ տնտեսական երևույթներ, չեմ կարծում, որ շնորհակալ գործ է: Ես այդ ցուցանիշին այդքան ուշադրություն չէի դարձնի:
-Իմիջիայլոց՝ համայնքների սուբսիդավորման մասին: Առիթ է եղել թեման քննարկել տարածքային կառավարման նախարարի հետ: Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում այսօր ներդրված սուբսիդավորման գործիքակազմը արդար չէ: Ճիշտ է, մի քանի գործոններ են դրված դրա հիմքում, բայց, ըստ էության, գործում է մեկը` բնակչության թվաքանակով սուբսիդավորումը, և տարբեր բնակլիմայական, աշխարհագրական ռեսուրսների առումով տարբեր զարգացվածություն ունեցող համայնքներն, ըստ էության, տուժում են, քանի որ գործում է այդ հանգամանքը: Մտադիր չե՞ք արդյոք փոխել այդ մոտեցումն այս ոլորտում:
-Տարածքային ավելի համաչափ զարգացումը, իհարկե, կառավարության առաջնահերթյուններից է: Այդ խնդիրը, թե ինչպես փոխել սկզբունքը, որով տրանսֆերտները կամ սուբսիդիաները համայնքներին պետք է տրամադրվեն, մի քանի անգամ է քննարկվել: Մեկ-երկու անգամ վերջին 5 տարիների ընթացքում փոփոխություններ են եղել,փորձում են ավելի արդար սկզբունք որդեգրել, այնուամենայնիվ այդ քննարկումներ դեռ շարունակվում են: Դա տարածքային քաղաքականության էլեմենտ է, ոչ թե ֆինանսական քաղաքականության: Ինչքան տեղյակ եմ, այն մոդելը, որն այսօր կա, շատ երկրներում կիրառվող փորձ է, այսինքն` հեծանիվ չի հորինված: Եթե տարածքային կառավարման նախարարությունը նոր քաղաքականություն առաջարկի, որը ավելի ճշգրիտ կամ արդար բաշխում ապահովի, այդ տարբերակով կիրականացվի ֆինանսավորումը:
-Դուք նշեցիք, որ Հայաստանն արդեն իր կարգավիճակով դուրս է եկել միջին եկամուտներ ունեցող երկրների ցանկ: Բնական է, որ դա կազդի ոչ միայն ֆինանսական միջոցների հասանելիության վրա, այլև կազդի մեր երկրում ամենատարբեր միջազգային հումանիտար կառույցների գործունեության վրա, որոնք այստեղ օժանդակություն են ցուցաբերում ամենատարբեր խոցելի խմբերին: Կառավարությունն արդյոք գիտակցո՞ւմ է, որ սրա հետևանքով աստիճանաբար հեռանալու են այդ միջազգային կազմակերպությունները, և խոցելի խմբերը, որոնք այսօր օժանդակություն են ստանում, կամաց-կամաց մնալու են մեր կառավարության ուսերին: Եթե այո, ապա ի՞նչ է նախատեսվում այս առումով:
-Այո, այդ գիտակցումը վաղուց կա: Մեր բոլոր համապատասխան ծառայությունները աստիճանաբար փոխում են իրականացվող քաղաքականությունը: Օրինակ՝ սոցիալական հարցերի նախարարությունը վերջին 3-4 տարիներին իրականացրել է մի շարք փոփոխություններ սոցիալական ծրագրերում: Բոլոր այդ ծրագրերի նպատակն է աստիճանաբար ավելի թիրախային դարձնել օժանդակությունը, սոցիալական աջակցություն ցուցաբերել թիրախային խմբերին: Եվ այն ռեֆորմը, որ այս պահին իրականացվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների միջոցով, նույնպես այդ նպատակն է հետապնդում: