Ողբերգական ավտովթար Երևանում. մահացել է դերասան Երվանդ Ենգիբարյանը
Հոկտեմբերի 22-ին, ժամը 05.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և էլեկտրասյանը, այնուհետև՝ շրջվել: Պատահարի հետևանքով վարորդը` 1983 թ. ծնված Երվանդ Ենգիբարյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
ԱԻՆ-ից դեպքի վերաբերյալ հայտնում են. « Հոկտեմբերի 22-ին, ժամը 04.56-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրա¬ժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում՝ «Վալենսիա» ՍՊԸ-ի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 27 OS 077 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է սյանը և շրջվել, ինչի հետևանքով 1983 թ. ծնված Ե. Ե.-ն տեղում զոհվել է:
Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը՝ ոստիկաններն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1979 թ. ծնված Մ. Ս.-ին, ով տեղափոխվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին»:
Նշենք, որ Երվանդ Ենգիբարյանը աշխատում է Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Նա ծնվել է 1983թ. հոկտեմբերի 21-ին, Երևանում: Դերասան Ժակ Ենգիբարյանի որդին է: 2008 թ.-ին Ե. Ենգիբարյանը Խլեստակովի դերի համար «Ռևիզորե ներկայացման մեջ արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» բարձրագույն մրցանակին`«Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում: