«Մենք վճռական ենք Հայաստանի հետ շարունակել մեր խորը համագործակցությունը». Գունար Վիգանդ
«Մենք վճռական ենք Հայաստանի հետ շարունակել մեր խորը համագործակցությունը, բայց իհարկե պետք է հաշվի առնենք նաև ՄՄ-ին անդամակցելու որոշումը, որը կայացվել է վերջերս»: Այս մասին այսօր Երևանում ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական 14-րդ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:
Նրա խոսքերով` այս նիստի շրջանակներում հայ գործընկերների հետ կքննարկեն Եվրոպական քաղաքականության և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցությունը, առևտրատնտեսական և երկկողմ հարաբերությունների ապագային առնչվող հարցեր: «Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ այստեղ կքննարկենք քաղաքական բարեփոխումներից մինչև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր»,- ասաց Գ.Վիգանդը, հավելելով, որ իրենք մանրամասն ուսումնասիրել են բոլոր նշված հարցերը, բայց դրանք ավելի մանրամասն կքննարկվեն Վիլնյուսի գագաթնաժողովում:
Հարցին, թե ՀՀ իշխանությունները չեն բացառում, որ Վիլնյուսում ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, Գ.Վիգանդը պատասխանեց. «Ես հիմա չեմ կարող ասել, բայց կարող եմ նշել, որ Հայաստանի և ԵՄ-ի հետ համագործակցությունը կշարունակվի»:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն էլ նշեց, որ ներկայումս գործընկերների հետ գտնվում են քննարկումների փուլում, որպեսզի գտնեն ապագա համագործակցության առավել արդյունավետ շրջանակը:
Լրագրողների հարցին, թե Վիլնյուսի գագաթնաժողովին քիչ ժամանակ է մնացել, և արդյոք Հայաստանը պատրաստում է որևէ փաստաթուղթ, նախարարը պատասխանեց. «Այո՛, հուսով ենք, որ նման փաստաթուղթ կլինի, որով արձանագրվելու են ՀՀ-ի և ԵՄ-ի ապագա համագործակցության շրջանակը»: Նախարարը հրաժարվեց ասել, թե խոսքը ինչ փաստաթղթի մասին է: «Այսօրվա դրությամբ փաստաթղթի անունը դեռ չեմ կարող տալ, քանի որ դեռ քննարկումների փուլում ենք»,- ասաց Վ.Ավանեսյանը:.
Ըստ նրա` այն հաջողությունները, որոնց հասել է Հայաստանը և այն բարեփոխումները, որոնք իրականացվել են ԵՄ-ի աջակցությամբ, այդ բազայի հիման վրա էլ կստեղծվի այն փաստաթուղթը, որը նախագծելու է ՀՀ-ԵՄ ապագա համագործակցության շրջանակը: Վ.Ավանեսյանի խոսքերով` փաստաթղթի մեջ լինելու են բոլոր հարցերը, ներառյալ տնտեսական համագործակցությունը:
Նախարարը նշեց նաև, որ այսօր ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:
Նշենք, որ ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական 14-րդ նիստի օրակարգում ներառված էին օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին, տրասնպորտի և էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հարցեր: