Եվրախորհրդարանը առաջարկում է Իրանում ԵՄ մշտական ներկայացուցչություն հիմնել
«Եվրախորհրդարանը առաջարկում է Իրանում ԵՄ մշտական ներկայացուցչություն հիմնել»,-այդ մասին իրանահայ համայնքի «ԱԼԻՔ» օրաթերթի հաղորդմամբ՝ հայտարարել է Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Հանս Սոբադան:
Եվրոպացի պաշտոնյան, իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցներին, նշել է. «Համաձայն երկկողմ համաձայնության՝պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց պարագայում կվերանան պատժամիջոցները և կկարգավորվեն առկա խնդիրները»:
Հանս Սոբադան՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, նշել է. «Իրանը Միջին Արևելքում առանցքային դերակատարություն ունի: Ցանկանում ենք, որպեսզի տարածաշրջանում կայունություն հաստատման գործում իր դերն ունենա նաև Իրանը: Դժբախտաբար, «Ալ-Քաիդա»-ի պես ահաբեկչական խմբավորումներն անապահով են դարձրել Միջին Արևելքը, հետևաբար բոլոր երկրների համագործակցությամբ պետք է պայքարել ահաբեկչության դեմ: Հաշվի առնելով լիբանանյան «Հեզբօլլահ» կազմակերպության վրա Իրանի ունեցած ազդեցությունը, հույս ունենք, որ Իրանը կնպաստի տարածաշրջանում կայունութեան հաստատման գործընթացին: Առանց Իրանի հետ խորհրդակցության, դժվար կլինի Միջին Արևելքում կարգավորել շատ հարցեր»:
Անդրադառնալով Իրանի և Եվրամիության հարաբերությունների հեռանկարին՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը հավելել է. «Մտադիր ենք Իրանում Եվրամիության մշտական գրասենեակ հիմնել: Այդ առնչությամբ առաջարկություն է արվել, որը կքննարկվի առաջիկա օրերին: Առաջարկությանը պետք է համաձայնվեն Եվրամիությունը և Իրանը: Դա Եվրախորհրդարանի, մասնավորապես՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջարկն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա