«Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր». Հանդիպմանը մասնակցել է վարչապետը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Ֆինանսաբանկային կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագրի շրջանակում անցկացվող հերթական հանդիպմանը:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, միջոցառման հյուրը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի փոխտնօրեն, «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդական, Գ.Պ. Շչեդրովիցկու անվան Զարգացման ինստիտուտի նախագահ Պյոտր Շչեդրովիցկին էր, ով հանդես է եկել «Համաշխարհային տնտեսության տեխնոլոգիական զարգացման հեռանկարները» թեմայով զեկույցով:
ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Պյոտր Շչեդրովիցկու գործունեությունը որպես ճանաչված փիլիսոփա և մեթոդաբան, ով ՀՀ և ՌԴ մեթոդաբանական շարժման սերտ համագործակցության շրջանակում արդեն քանիցս այցելել է մեր երկիր.
«Դեռևս 1989 թ. Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվեց մեթոդաբանական շարժումը, որի ակունքներում կանգնած էր նաև Շչեդրովիցկիի հայրը՝ հայտնի մեթոդաբան Գեորգի Շչեդրովիցկին: Առաջին անգամ Ծաղկաձորում կազմակերպվել էր մեթոդաբանական խաղ, որին մասնակցում էին տաղանդավոր հետազոտողներ, երիտասարդ գիտնականներ, ովքեր էլ հիմնադրեցին մեթոդաբանական շարժումը Հայաստանում»:
Ըստ վարչապետի՝ ներկայացվելիք զեկույցի մեթոդաբանական կարևոր նշանակությունն այն է, թե ինչպես են մեթոդաբանները ձևակերպում արդիական խնդիրները և ինչպիսի լուծումներ են առաջարկում:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների, ՀՀ ֆինանսական կազմակերպությունների միությունների, ՀՀ ՏՏ ոլորտի կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակիցներին ծանոթանալ հայաստանյան և համաշխարհային տնտեսական զարգացումներին, խորացնել մասնագիտական գիտելիքները, ծանոթանալ համաշխարհային փորձին ու զարգացումներին։ Շարունակական զարգացման այս ծրագիրը նպաստում է արդիական մտածողության ձևավորմանն ու զարգացմանը։
Նշենք, որ Պյոտր Շչեդրովիցկին սեմինար է անցկացրել նաև ՀՀ կառավարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում