«Ադրբեջանը խեղաթյուրում է փաստերը»
Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման ֆոնին, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ երկու երկրների միջև բանակցություններ չեն ընթանում, միայն առանձին հանդիպումներ են անցկացվում: Ըստ Ազիմովի՝ անիմաստ է հանուն հանդիպման հանդիպում կազմակերպել:
Այն, որ բանակցային գործընթացը դժվարին օրեր է ապրում, միանշանակ է, սակայն Ազիմովը, իր «ծավալուն» ասուլիսում, այդպես էլ ժամանակ չի գտել, մի քանի բառով անդրադառնալու ստեղծված իրավիճակի պատճառներին, քանի որ առանց պատճառների վերլուծության, անիմաստ է դառնում դիտարկման մեջ վերցնել իրավիճակից բխող հետևանքները: Պատճառերին դեռ կանդրադառնանք:
Ստեղծված իրավիճակում նախագահների մակարդակով հանդիպում կարող է կազմակերպվել հիմնականում երկու դեպքում. առաջին, եթե երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են միջնորդների կողմից ներկայացված նոր առաջարկները կամ որոշակի համաձայնության եզրեր կա նախկին առաջարկների մասով ու խնդիր կա այն քննարկման ներկայացնել նախագահների մակարդակով բանակցություններին: Եվ երկրորդ, երկար ընդմիջումից հետո, բանակցությունների շարունակականություն ապահովելու համար, համանախագահները փորձում են հանդիպում կազմակերպել:
Հետ վերադառնալով Ազիմովի՝ բանակցությունների բացակայության մասին թեզին ու դրա պատճառներին, անհնար է անդրադարձ չկատարել 2011 թվականի կազանյան հանդիպմանը, որտեղ կողմերն իսկապես մոտ էին Հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի ստորագրմանը: Կար փաստաթուղթ, ինչի հարցում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, թվում էր, համաձայնության էին հասել, սակայն Կազանում այդքան սպասված փաստաթղթի ստորագրման փաստ չարձանագրվեց, քանզի Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը՝ հանդես գալով փաստաթղթի տրամաբանությանը հակասող 10 նոր առաջարկություններով:
Ստեղծված իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի՝ «բանակցություններին անպատրաստ լինելու մասին խոսող Ադրբեջանցի պաշտոնյան», ակնհայտ խեղաթյուրում է փաստերը, հերթական անգամ ի ցույց դնելով Ադրբեջանի ղեկավարության անպատասխանատու պահվածքն ու ոչ կառուցողական մոտեցումները:
Քաղաքական հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները