Ադրբեջանի կառավարությունը միանգամից երեք նախարար է փոխել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է արձակել զբաղեցրած պաշտոնից ազատել պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին, ով այդ պաշտոնում է 1995թ-ից: Նրա փոխարեն այդ պաշտոնը կզբաղեցնի Զաքիր Հասանովը, ով մինչև այժմ ղեկավարում էր ՆԳՆ ներքին զորքերը, հայտնում է ադրբեջանական «Turan» լրատվական գործակալությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի առաջնորդի հրամանի համաձայն`գյուղատնտեսության նախարար Իսմեթ Աբբասովը նշանակվել է վարչապետի տեղակալի պաշտոնում: Իր նախկին պաշտոնը զբաղեցրել է Հեյդար Ասադովը: Ալի Ահմեդովը, ով մինչ այժմ ծառայել է իշխող «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության գործադիր քարտուղարի պաշտոնում, նույնպես նշանակվել է վարչապետի տեղակալ:
Զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև սոցիալական ապահովության նախարար Ֆիզուլի Ալեքպերովը: Նրա փոխարեն նշանակվել է Սալիմ Մուսլյումովը, ով նախկինում գլխավորել է Թոշակային ֆոնդը:
Իլհամ Ալիևի մեկ այլ հրամանով հաստատվել է Ադրբեջանի Նախարների խորհրդի նոր կազմը, գրում է գործակալությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացվել են նախագահական ընտրություններ, որտեղ հաղթել է գործող նախագահ Ւլհամ Ալիևը` հավաքելով ձայների 84,54%-ը: Երկրորդ տեղում է ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին: Նա հավաքել է ձայների 5,53%-ը:
Նշենք, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունների միասնական հայտարարությունում նշված է, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցել են խոսքի և ժողովի ազատությունների սահմանափակման պայմաններում: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի եվրոպական գծով նախարար Դեվիդ Լիդինգթոնը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կիսում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տեսակետն այն մասին, որ Ադրբեջանի ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ-ի առջև ստանձնած այդ երկրի պարտավորություններին: ԵԱՀԿ և Մեծ Բրիտանիայի տեսակետը կիսել է նաև ԱՄՆ պետդեպարտամենտը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում