Վճռաբեկ դատարանի տակ կոռուպցիա է թաքնված. Փաստաբան (տեսանյութ)
«Հայաստանի Փաստաբանների պալատի փաստաբան Գևորգ Դավթյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործերից մեկի դատաքննության ժամանակ Հայաստանի դատական ատյանները Վճռաբեկ դատարանի քավորությամբ կոպիտ ու ակնհայտ խախտումներ են կատարել»: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գևորգ Դավթյանը:
Դատարաններում ազգությամբ ռուս պատասխանող կողմի ներկայացուցիչ Գևորգ Դավթյանը այսօր լրագրողներին ներկայացրեց մասնավոր գործը, որի շրջանակներում հայցվորը բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջով դիմել էր դատարան այն պարագայում, երբ ինչպես փաստաբանն ասաց, իրականում նման պայմանագիր չի եղել:
«Իրականում նման պայմանագիր գոյություն չունի, և հայցվորը այն նույնացրել է ինչ-որ ստացականի հետ, որի բնօրինակը այդպես էլ չի ներկայացվել: Այնուհետև հայցվորը երևի հասկանալով, որ չի կարող վավեր ճանաչվել գոյություն չունեցող պայմանագիրը, նոր պահանջ է ներկայացնում 6 տարի առաջ մահացած անձի և նրա ժառանգությունը դեռևս չձևակերպած նրա ժառանգի դեմ փորձելով տիրանալ իրեն չպատկանող սեփականությանը», -ներկայացրեց փաստաբանը` նշելով, որ այդ սեփականությունը պատկանելի է ազգությամբ ռուս Վենդիների ընտանիքին:
Շարունակելով ոդիսականը, Դավթյանն ասաց, որ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանը դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ բավարարել է հայցը՝ «խեղաթյուրելով առկա փաստերը ու թույլ տալով ակնհայտ ու կոպիտ խախտումներ»: Ի դեպ, դատավորին պատասխանատվության ենթարկելու պահանջով փաստաբանը դիմել է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողով, սակայն արդեն չորս ամիս է այնտեղից պատասխան չկա:
Այնուհետև Վերաքննիչ դատարանը, որի դատավորիներից ի դեպ, փաստաբանը գոհ էր, բեկանել է Նաիրա Ավետիսյանի կայացրած վճիռը և ամբողջովին մերժել հայցը: Սակայն փաստաբանի համար անսպասելի Վճռաբեկ դատարանը առանց որևէ պատճառաբանության հայցվոր կողմի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:
Կատարվածը փաստաբանին հիմք է տալիս ենթադրելու, որ Վճռաբեկ դատարանը աշխատում է ծանոթ-բարեկամ սկզբունքով կամ «Վճռաբեկ դատարանի տակ կոռուպցիա է թաքնված»:
«Ես ունեցել եմ տասնյակ գործեր, բայց նման գործ, երբ առաջին ատյանի դատարանը անհեթեթ որոշում է կայացնում և ավելին, երբ դա Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել, նման գործ ես չեմ ունեցել: Վճռաբեկ դատարանի տակ թաքնված է կոռուպցիա, ուրիշ բան ես չեմ կարող մտածել: Այդ ինչպես է ստացվում, որ մեր փաստաբանների բողոքները գնում են եվրոպական դատարան վարույթ են ընդունվում, իսկ մեր Վճռաբեկ դատարանը, չգիտես ինչու, դրանք վարույթ չի ընդունում», -տարակուսեց փաստաբանը:
Մանրամասները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան