«Կառավարությունը Բաց երկնքի քաղաքականությանն անցնելու առաջին գործնական քայլերն է կատարում»
Գործադիրի այսօրվա նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետության մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման հայեցակարգ-ծրագիրը:
Բաց երկնքի քաղաքականության ներդրումը զգալի փոփոխություն է Հայաստանի ներկա օդային փոխադրումների քաղաքականությունում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս հարցի շուրջ բուռն քննարկումներ են եղել, բացի այդ եղել են իրարարամերժ մոտեցումներ` խիստ կարգավորման տարբերակից մինչև առավելագույն ազատականացման տարբերակ: Նրա խոսքերով, որպեսզի ռազմավարական նշանակություն ունեցող հարցի վերաբերյալ ճիշտ որոշում ընդունեն, Ազգային մրցունակության խորհուրդը ՀՀ նախագահի հանձնարարականով որոշում է կայացրել պայամանագիր կնքել աշխարհի հայտնի ընկերություններից մեկի` «Մաքքենզի»-ի հետ, որը աշխարհի լավագուն մասնագետներին է վարձել, որպեսզի ՀՀ-ի համար մշակի ռազմավարությունը այս բնագավառում:
Տ.Սարգսյանը նշեց, որ ռազմավարությունը երկու անգամ քննարկվել է ՀՀ նախագահի մոտ, ներկայացվել են մանրակրկիտ հաշվետվություններ, որոնց արդյունքում էլ ստեղծվել է այս հայեցակարգը»: Ըստ մասնագետների` ՀՀ-ը պետք է գնա ազատականացման ճանապարհով, ինչը խթանելու է ՀՆԱ-ի աճը, ստեղծելու է նոր աշխատատեղեր, դարձելու է ուղևորափոխադրումները հարմարավետ, իսկ գները նվազելու են»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ կառավարության հիմնավորման համաձայն` ծրագրի շրջանակներում գնահատվել են բազմաթիվ նախագծային տարբերակներ, ներառյալ ազգային փոխադրողի ստեղծումը կառավարության օժանդակությամբ և առանց կառավարության օժանդակության, Բաց երկնքի քաղաքականությունները, ինչպես նաև «կառավարելի» Բաց երկինքը, որը կպաշտպանի ազգային փոխադրողին: Արդյունքում բացահայտվել է, որ Բաց երկնքի քաղաքականությունը կունենա ամենամեծ դրական ազդեցությունը տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղևորների քանակի աճի և ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա:
«Արտաքին աշխարհի հետ կապակցվածության բարձրացումը կարող է Հայաստանի տնտեսկան աճի ապահովման համար ունենալ առաջնային նշանակություն` համադրելով արտաքին ռեսուրսների ներհոսքը տնտեսության ներքին ռեսուրսների համակարգված և արդյունավետ զարգացման հետ»,- նշված է հայեցակարգի հիմնավորման մեջ:
Անցնելով բաց երկնքի քաղաքականությանը, ակնկալվում է 20%-25%-ով ուղևորների քանակի աճի ապահովում, ինչպես նաև նախատեսվում է, որ տոմսերի միջին գների մոտ 10%-ով կնվազեն, ընդ որում որոշակի ուղղություններով կլինի գների առավել մեծ նվազում` պայմանավորված ավելացած մրցակցությամբ:
Ծրագրի առաջին փուլում անհրաժեշտ է անհապաղ հայտարարել Բաց երկնքի քաղաքականություն ներդրման մասին Հայաստանն արտասահմանյան փոխադրողների համար ավելի գրավիչ ուղղություն դարձնելու համար: Անհրաժեշտ է նաև մշակել և ներդնել արտոնագրման լուրջ համակարգ հնարավոր տեղական փոխադրողների մրցունակությունն ու կենսունակությունն ապահովելու համար: Ծրագրի երկրորդ փուլի ընթացքում, որի տևողությունը կարող է լինել 12-ից մինչև 24 ամիս, անհրաժեշտ է գնահատել այս գործողությունների ազդեցությունը ուղևորների քանակի վրա և օդային փոխադրումների աշխարհագրության վրա: Կախված արդյունքներից` մասնավոր ներդրողները և/կամ կառավարությունը կարող են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել` ավելացնելու դեպի Հայաստան իրականացվող օդային փոխադրումների մատուցվող ծառայությունները, ինչպիսին կարող է նաև լինել տեղական փոխադրողներին աջակցումը: