«Գրական տապան 2013»-ը Հայաստան կբերի օտարազգի անվանի գրողների
Հոկտեմբերի 24-ին մեկնարկելու է «Գրական տապան 2013» փառատոնը: Գրական ամենամյա փառատոնն այս տարի կհյուրընկալի մոտ 50 մասնակցի ամբողջ աշխարհից: Փառատոնի օտարերկրացի 16 հատուկ հյուրերից են այնպիսի անվանի գրողներ, ինչպիսիք են «Մենությունը ցանցում» բեսթսելերի հեղինակ Յանուշ Վիշնևսկին և «Տապանի ստվերում» վեպի հեղինակ Աննե Պրովոոստը: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները:
«Գրական տապան» միջազգային փառատոնը գրողների, գրականագետների, ընթերցողների, մշակույթին, գրականությանը նվիրյալ կամ պարզապես սիրող մարդկանց ֆորում է։
Հայաստան հրավիրելով աշխարհի տարբեր երկրների գրականության ներկայացուցիչներին, նրանց ներկայացնելով հայկական մշակույթը, գրականությունը, երկիրը` «Գրական տապան»-ը հայ գրողների, գրականագետների, լրագրողների, ընթերցողների և հրավիրյալ գրողների համար ինչպես մասնագիտական, այնպես էլ մշակութային, հասարակական-քաղաքացիական խնդիրների քննարկման հարթակ է։
Փառատոնի շրջանակում հյուրերն ու հայաստանցի գրողները կհանդիպեն ընթերցողների հետ, կներկայացնեն իրենց գրքերը, գաղափարներն ու ծրագրերը, քննարկումներ կանցկացնեն կլոր սեղանի շուրջ: Բուհերում և գրադարաններում կկազմակերպվեն վարպետության դասեր: Փառատոնի ընթացքում մասնակիցները կծանոթանան Հայաստանի պատմամշակութային վայրերին՝ կայցելեն Էջմիածին, Զվարթնոց, Օշական, Նորավանք, Խոր Վիրապ, Հայաստանի պատմության թանգարան, Մատենադարան, Փարաջանովի, Մինաս Ավետիսյանի, Պարույր Սևակի տուն-թանգարաններ:
Հյուրերը ճանաչողական այցով կլինեն նաև 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյումրիում, որտեղ կմասնակցեն մասնագիտական քննարկումների:
Փառատոնի արդյունքում, ավանդույթի համաձայն, կհրատարակվի օտարերկրյա գրողների՝ Հայաստանին նվիրված ստեղծագործությունների բազմալեզու ժողովածու, որը կլինի բնագրով և հայերեն թարգմանությամբ:
«Գրական տապան 2013» միջազգային փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը (ԱՕԿՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: