Հայրիկյանը մերժել է արտասահմանում հպատակություն ընդունելու առաջարկությունը
«Բելգիայում և Հոլանդիայում ինձ առաջարկեցին ընդունել հպատակություն, ստանալ մարդուն անհրաժեշտ ամեն ինչ` ներառյալ ամբողջական բուժօգնություն: Ես այդ պահին հիշեցի, որ մենք յուրահատուկ ազգ ենք. համարյա մեր բոլոր ավանդական հերոսները փախնող են կամ փախած` սկսած փոքր Մհերից: Բայց միշտ ասել եմ. պետք է լինել վերջին կաթիլը, որը պետք է լցնի մեր հաջողությունների բաժակը: Այդպես էլ նայում եմ իմ ճակատագրին»,- այսօր կայացած ասուլիսում նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նա մանրամասնեց, թե նման առաջարկություն ստանալու օրերին հիշել է նաև, թե ինչպիսի «նողկալի հայտարարություններ» են հնչել իր հասցեին, թե իբր ինքն իրեն մահափորձի ենթարկեց:
«Հայտարարություններ էին հնչում, թե իբր Հայրիկյանն ինքն իր վրա կրակեց, դա սարքեց, որպեսզի ինչ-որ հաջողությունների հասնի, թե իբր Հայրիկյանը լսեց նախագահին և այդ պատճառով չհետաձգեց ընտրությունները` չնայած Հայրիկյանը հենց կրակոցի օրն էր ասել, որ ես ընտրությունները չեմ հետաձգելու, որովհետև դա նշանակում է ընդառաջ գնալ տեռորիստներին: Իհարկե, հիշում էի նաև մեծ հերոս զորավար կոչված Անդրանիկի կերպարը, ով Հայաստանի անկախացումից հետո լքեց հայրենիքը: Հետո հիշում էի մեր «մահ կամ ազատություն» գոռացող պոռոտախոսներին, ովքեր հենց առիթը ներկայացավ՝ փախան բոլորը: Բնական է, պիտի այդ առաջարկները չընդունեի»,- ասաց Պ. Հայրիկյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ բուժզննություն ու բուժում անցնելու նպատակով երեք ամիսը մեկ պետք է գնա արտասահման:
Անդրադառնալով «Անկախություն» թերթի հիմնադրման 26-ամյակին` Պ. Հայրիկյանն ընդգծեց, որ թերթը բացառիկ պատմական դեր է կատարել հայ ժողովրդի կյանքում, անգամ ԽՍՀՄ մյուս ժողովուրդների կյանքում և ամբողջ աշխարհում:
«Արևելյան Եվրոպայի և ԽՍՀՄ ողջ տարածքում կային ընդդիմադիր շարժումներ, սակայն ոչ մի երկիր չուներ քաղաքական այլընտրանքային կազմակերպություն և թերթ: Առաջինը հայերն էին, որ համարձակվեցին կայսրության պայմաններում «Անկախություն» անունով թերթ հրատարակել: Սա շատ կարևոր էր մեր ժողովրդի համար: Մենք երախտամոռ թափթփուկներ ենք, եթե չենք նշում մեր ազգային ազատագրական պայքարի սկիզբը: Եթե նշում ենք ֆուտբոլի թիմի հաջողության 40-ամյակը, պիտի դա էլ նշենք: Մենք նախանձից ելնելով՝ պատրաստ ենք ինքներս մեզ ոչնչացնել, դրա համար ոչ միայն Մաքսային միություն կմտնենք, այլ նաև Թուրքային կամ Պարսկային միություն, որոնց մեջ ոչ մի տարբերություն չկա: Սա է մեր ողորմելի էության հիմնական պատճառը»,- նշեց Պարույր Հայրիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով