«Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնը», հավանաբար, կփակվի
Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած «Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնը» հնարավոր է՝ շուտով փակվի: «Ժամանակ»-ի տեղեկություններով, Կենտրոնի փորձագետներն արդեն իսկ լքել են այն: Փորձագետներից միայն քաղաքագետ Մանվել Սարգսյանն է մնացել: Նրա` կենտրոնում մնալու հեռանկարը ևս կասկածի տակ է: «Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում Մ. Սարգսյանը ասել է, որ կենտրոնի վիճակը ֆինանսական խնդիրներով է պայմանավորված: Այլ պատճառներ չկան:
Նրա խոսքով՝ ՌԱՀԿ-ում պարբերաբար եղել են այսպիսի պահեր, երբ ֆինանսական սղություն է եղել, բայց ձևեր գտնվել են: Ըստ նրա՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հակված է պահել կենտրոնը, փորձելու է լուծել ֆինանսական խնդիրները:
«ՌԱՀԿ-ի ֆինանսավորումը տարիներ շարունակ իրականացվում էր դրսից` ԱՄՆ-ի կողմից, իսկ երբ վերջին ընտրություններից հետո արևմտամետի համբավ ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանը տապալեց հետընտրական զարգացումները և հողին հավասարեցրեց ընդդիմադիր շարժումը, թերևս զրկվեց նաև ֆինանսական աջակցությունից»,-նշել է թերթը: