Նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի Վրաստանում արտաքին քաղաքակության վրա
Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները չեն կարող ազդել վերջին շրջանում երկրի որդեգրված արտաքին քաղաքական ուղենիշի վրա: Անդրադառնալով Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին` օրերս կայացած առցանց հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Վրաստանի «Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնի» ղեկավար Կոբա Թուրմանիձեն: Հարցազրույցը հրապարակվել է «Public dialogues» կայքում:
«Ես չեմ ակնկալում կտրուկ փոփոխություններ արտաքին քաղաքականության մեջ: Վրաստանը կշարունակի ձգտել մերձենալ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ և, միևնույն ժամանակ, փորձելու է բարելավել հարաբերությունները ՌԴ-ի հետ: Հնարավո՞ր է արդյոք համատեղել այդ երկուսը` ցույց կտա ժամանակը»,-նշել է Թուրմանիձեն:
Վերջինիս խոսքերով, գալիք նախագահական ընտրությունները առանձնանում են մինչ այդ Վրաստանում անցկացված ընտրություններից առնվազն երկու կարևորագույն գործոններով: Առաջին հերթին, ըստ փորձագետի, գործող իշխանությունները, հանձինս «Վրացական երազանքի», միանձնյա չեն տնօրինում ֆինանսական միջոցները, ինչպես նաև ԶԼՄ-ները:
Երկորդ կարևոր գործոնը, ըստ Թուրմանիձեի, այն է, որ քաղաքական ծրագրերը և գաղափարախոսությունը այս ընտրություններում ավելի մեծ նշանակություն ունեն քան թե թեկնածուների անհատական հատկանիշները: Վերջինս սակայն նշեց, որ իրականում պայքարը ընթանում է միայն երկրորդ տեղի համար, քանի որ արդեն ակնհայտ է, որ առաջին տեղը զբաղեցնելու է «Վրացական երազանքի» թեկնածուն:
Միևնույն ժամանակ բանախոսը չբացառեց, որ իշխող կոալիցիայի թեկնածուն կհաղթի միայն երկրորդ փուլում:
Թուրմանիձեն նշեց, որ կայանալիք ընտրությունների նշանակությունը բավականին նվազել է այն պատճառով, որ նորընտիր նախագահի լիազորությունները զգալիորեն սահմանափակվելու են:
«Անկախ այն հանգամանքից, թե ով կդառնա երկրի նախագահ, պետական քաղաքականությունը որոշվելու է խորհրդարանի և իրականացվելու է կառավարության կողմից, հանձինս «Վրացական երազանքի» »,- նշեց բանախոսը:
Փորձագետի խոսքերով` վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականից հետո «Վրացական երազանքը» դժվարությունների կհանդիպի կոալիցիայի միասնականությունը պահպանելու հարցում:
Թուրմանիձեն գրեթե բացառեց Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժում» կուսակցության կողմից նախագահի աթոռը պահպանելու հավանականությունը:
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրությունների արդյունքում նախագահ կընտրվի հնգամյա ժամկետով։
Ընտրություններին մասնակցում է 23 թեկնածու, այդ թվում` «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուն առաջին փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին, Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության` Ազգային միացյալ շարժման կողմից առաջադրված թեկնածու Դավիթ Բաքրաձեն, և «Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավար, երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:
Սահմանադրական փոփոխությունների համաձայն ընտրություններից հետո Վրաստանի փաստացի ղեկավարությունն անցնում է վարչապետին։ Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, սակայն, հայտարարել է, որ մտադիր է հրաժարական ներկայացնել և հեռանալ քաղաքականությունից, եթե իր կուսակցության թեկնածուն ընտրությունների արդյունքում ստանա ժողովրդի քվեն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա