Վրացի փորձագետ. Ադրբեջանում նախագահական ընտրությունները ուղեկցվել են մարդու իրավունքների ոտնահարմամբ
Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները ուղեկցվել են ԶԼՄ-ների գործունեության սահմանափակման, հավաքների ազատության հիմնարար իրավունքները ոտնահարման, ինչպես նաև ընտրողների մեջ վախի մթնոլորտ սերմանելու գործընթացով: Անդրադառնալով Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններին` օրերս կայացած առցանց հարցազրույցում նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի «Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնի» ղեկավար Կոբա Թուրմանիձեն: Հարցազրույցը հրապարակվել է «Public dialogues» կայքում:
«Ես ոչինչ չունեմ ավելացնելու ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության գնահատականներին, որոնց մեջ նշվում են կարծիքների, հավաքների ազատության սահմանափակումների, ԶԼՄ-ների գործունեության սահմանափակման և քվեարկողների վախեցնելու մասին»,- նշեց Կ. Թուրմանիձեն:
Նշենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն ու ԱՄՆ պետքարտուղարությունը ընտրությունների կապակցությամբ հայտարարել են, որ Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով 84,59% քվեների առավելությամբ Իլհամ Ալիևը վերընտրվել է նախագահի պաշտոնում, չեն համապատասխանել միջազգային չափանիշներին և ուղեկցվել են հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանափակումներով:
Անդրադառնալով այն հարցին, թե հաշվի առնելով Միխեիլ Սաակաշվիլու և նրա գլխավորած «Ազգային միացյալ շարժում» կուսակցության և ալիևյան վարչակազմի մտերիմ հարաբերությունները հնարավո՞ր է արդյոք, որ պաշտոնական Բաքուն ճնշում գործադրի Վրաստանի ադրբեջանական համայնքի վրա`ստիպելով քվեարկել «Ազգային միացյալ շարժման» թեկնածու Դավիդ Բաքրաձեի օգտին, Կոբա Թուրմանիձեն նշել է. «Ես տվյալ պնդման հաստատման կամ հերքման որևէ ապացույց չունեմ: Անցյալում Վրաստանի ազգային փոքրամասնությունները հիմնականում քվեարկում էին իշխող կուսակցության օգտին: Հետաքրքիր է` կպահպանվի՞ արդյոք այդ շաբլոնը: Կարծում եմ, որ այո»:
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրությունների արդյունքում նախագահ կընտրվի հնգամյա ժամկետով։
Ընտրություններին մասնակցում է 23 թեկնածու, այդ թվում` «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուն առաջին փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին, Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության` Ազգային միացյալ շարժման կողմից առաջադրված թեկնածու Դավիթ Բաքրաձեն, և «Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավար, երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:
Սահմանադրական փոփոխությունների համաձայն ընտրություններից հետո Վրաստանի փաստացի ղեկավարությունն անցնում է վարչապետին։ Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, սակայն, հայտարարել է, որ մտադիր է հրաժարական ներկայացնել և հեռանալ քաղաքականությունից, եթե իր կուսակցության թեկնածուն ընտրությունների արդյունքում ստանա ժողովրդի քվեն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա