Սյունիքի գյուղերում իրարանցում է. Կարալյոկը, նուռը, սերկևիլը մնացել են ծառերին
Սյունիքի մարզում սպասվող ցրտահարության մասին մարզպետարանում տեղեկացել են «Հայպետհիդրոմետ» ծառայությունից, հետո էլ արդեն իրենք են համայնքի ղեկավարներին բանավոր ու գրավոր կերպով, նաև հեռուստաընկերությունների միջոցով տեղեկացնում:
Ըստ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզի ծառայության կանախատեսումների, հոկտեմբերի 25-ին Սյունիքի մարզի տարածքով կանցնեն սառը հոսանքներ, ինչի հետևանքով հոկտեմբերի 25-ի գիշերը Սյունիքի մարզում գիշերը սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում (մինչև -10 C) և ցրտահարություն:
Մինչ Սյունքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը պնդում է, որ ցրտահարության համար քիչ բան կա մարզում, սակայն գյուղերում Panorama.am-ի հարցումները հակառակը ցույց տվեցին:
«Շատ քիչ խաղող ունենք, դա էլ կհասցնենք մինչև 25-ը հավաքել, բերքը հավաքած է, պտուղը հավաքած է»,-ասաց մարզպետարանի պաշտոնյան, ավելացնելով, որ համայնքերին տեղյակ են պահել վտանգի մասին ու հորդորել, որ հասած բերքը հավաքեն: Նրա խոսքով, մինչև ցրտահարությունը մարդիկ կհասցնեն դաշտում մնացած բերքը տուն հասցնել:
Սյունիքի գյուղապետ Սամվել Սարգսյանն ասաց, որ գյուղի բնակիչներին տեղյակ են պահել, բայց համայնքում ցրտահարվելու շատ բան չկա:
«Մեզ մոտ հիմնականում հացահատիկային բույսեր են, խոտհարքներ, բանջարանոցներն ու այգիները շատ քիչ են»,-ասաց Ս. Սարգսյանը:
Իրավիճակն այլ է Նռնաձորում, որտեղ մեծ ու փոքր լուրը լսելուն պես այգի են գնացել` նուռը փրկելու ցրտից:
«Ցրտահարության մասին տեղեկացված ենք, ոչ մի միջոցառում էլ չենք իրականացնելու, ի՞նչ իրականացնենք, բերքը նոր-նոր հասունանում է, էսօր եկել ենք, որ քաղենք: Ի՞նչ պիտի անենք, եթե համատարած ցրտահարություն է, ոչ մի բան էլ չենք կարող անել, միակ փրկությունն էն կլիներ, եթե ոռոգման ջուր լիներ, դնեինք վրեն, էդ ծխահարությունը սուտ բան է»,- Panorama.am-ին ասաց Նռնաձորի գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց լրագրողին` ում հեռախոսազանգի շնորհիվ կարողացավ մի քարի նստել, արագ բերքահավաքից բեզարած ոտ ու ձեռին հանգստություն տալ, մի հատ էլ ծուխ քաշել:
Գյուղի այգիների 99 տոկոսը նռնենիներ են, ոչ ոք էլ դեռ բերքահավաք չի արել:
«Մենակ համայնքի ժողովրդինը 58 հա է, չհաշված արդարատության նախարարությունն էլ ունի` 80 հա»,-ասաց գյուղապետն ու կատակով վրա բերեց. «Բայց էդ ո՞վ է արդար դատել որ»:
Համայնքի ղեկավարն անհնար է համարում 3 օրում ամբողջ բերքը հավաքելը:
«20-30 օր մարդիկ հավաքում են, մինչև նոյեմբերի 15-18-ը բերքահավաք է լինում, ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց գյուղապետն ու նկատեց, որ նույն իրավիճակն է կողքի համայնքներում, «մարդկանց կարալյոկն ամբողջությամբ ծառի վրա է, էնա կողքի համայնքում` Ալվանքում, Մեղրիում, Ագարակում, Շվանիձորում»:
Գյուղապետն ասում է, նախորդ տարվա համեմատ նռան բերքը լավ է, դեռ լավ չի հասունացել, ճար չունեն, քաղում են:
«Թող հըլը մեկը ասի, քաղել ենք, ինչի մասին է խոսքը: Մարդկանց բերքն ամբողջությամբ ծառի վրա է, շատ կփչանա»,-ասաց Նռնաձոր համայնքի ղեկավարը:
Շվանիձորի գյուղապետ Հովհաննես Օհանյանը հեռախոսը թողել էր տանը, հացերին պատասխանեց կինը:
«Թուզը քաղել վերջացրել ենք, նուռը, կարալյոկը, խաղողը, սերկևիլը մնացել է ծառներին: Հիմա քաղում են, մինչև ցրտահարությունը չգիտեմ, կհասցնենք, թե չէ, երկու օր է մնում, դժվար հասցնենք: Մենք որ մեր այգիները դեռ չենք քաղել, վաղը, մյուս օրը կքաղենք, ինչ էլ կմնա, կմնա, Աստծո հույսին ենք թողնում»,-ասաց համայնքապետի կինը:
Նախորդող հրապարակում`
Արմավիրի գյուղերում ցրտահարվել են վարունգները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները