Ադրբեջանը դադարեցրել է «EURONEST» խորհրդարանական վեհաժողովում իր գործունեությունը
«EURONEST» Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցրել է իր գործունեությունը, այս մասին նշված է «EURONEST» ԽՎ-ում պատվիրակության նախագահ Էլհան Սուլեյմանովի հայտարարության մեջ, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի, այդ քայլը կապված է 2013թ. հոկտեմբերի 23-ին Եվրախորհրդարանի Որոշման 32-րդ կետի հետ, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, ինչպես նաև մտահոգություն է արտահայտվում հանրապետությունում մարդու իրավունքներ խախտումների կապակցությամբ:
Սուլեյմանովի հաղորդագրության մեջ նշվում է, որ տվյալ կետը «լուրջ հարված է հասցնում Ադրբեջանի նախագահական ընտրություններում Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության հեղինակությանը»: Հայտարարությունն ուղղված է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, ԵԱՀԿ ներակայացուցիչ Լեոնիդ Կոժարային, ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռանկո Կրիվոկապիչին և Եվրախորհրդարանի բոլոր անդամներին:
Հայտարարության մեջ նշված է, որ 2013թ. հուլիսին Եվրախորհրդարանը Ադրբեջանին չի ներառել այն երկրների ցանկում, որտեղ պետք է նախագահական ընտրությունների դիտորդություն իրականացվեր, և նման որոշումը Բաքվում գնահատվել է որպես լուրջ խնդիրների բացակայության արդյունք: Սակայն, ըստ Սուլեյմանովի, «այսօր արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանի ընտրություններին դիտորդական առաքելություն չուղարկելու Եվրախորհրդարանի` հուլիսի սկզբում կայացրած որոշման հետևում թաքնված էին անկարգություններ կազմակերպելու և մեր երկիրը սաբոտաժի ենթարկելու պլաններ»:
Չներառելով Ադրբեջանն այն երկրների ցանկում, որտեղ որոշվել էր դիտորդական առաքելություն ուղարկել ընտրություններին` ըստ Սուլեյմանովի, Եվրախորհրդարանը «փորձել է վարկաբեկել և վնասել Ադրբեջանի քաղաքական հեղինակությունը միջազգային հարթակում»: «Անհասկանալի պատճառներով ավելի ուշ`սեպտեմբերի սկզբին, Եվրախորհրդարանը մտափոխվել է և որոշում է կայացրել Ադրբեջանի ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկել», - ասել է նա:
Փաստաթղթում նշվում է, որ «դիտորդական առաքելության դրական գնահատականը կատաղեցրել է Ազատության և միասականության տան ղեկավարությանը, որը որոշել է 32-րդ կետը` որպես ուղղում, ներառել Եվրախորհրդարանի Որոշման բանաձևի մեջ: Այդ կետի համաձայն` ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին և ԵԱՀԿ պահանջներին»:
Հայտարարությունում նաև նշվում է, որ Եվրախորհդարանի, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ ԽՎ-ի պատվիրակությունները դրական գնահատական են տվել ընտրություններին, իսկ Եվրախորհրդարանը որոշում է կայացրել` հիմնվելով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության «կողմնակալ» որոշման վրա: Սուլեյմանովը կարծում է, որ դա լուրջ հարված է հասցնում Մարդու իրավունքների տան իմիջին, որը կազմված է Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ ԽՎ-ի պատգամավորներից:
Ադրբեջանական պատվիրակության նախագահի խոսքերով` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցի նպատակը «բարձրաստիճան պաշտոնյաների, ուժային կառավարությունների` Ադրբեջանում ունեցած շահերի ապահովումն է, միջազգային հարթակում Ադրբեջանի բացասական իմիջի ձևավորումը»: Սակայն, հայտարարության համաձայն, Բաքուն շարունակելու է իր քաղաքականությունը:
«EURONEST» ԽՎ-ում արբեջանական պատվիրակության նախագահը կարծում է, որ Եվրախորհրդարանը և այլ միջազգային կառույցներ «շարունակում են խաբել ադրբեջանական ժողովրդին և միջազգային հանրությանը» նաև Ղարաբաղյան հարցում: Այդպես Սուլեյմանովն «աբսուրդ» է անվանել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի խոսքերն այն մասին, որ «Ադրբեջանը և Հայաստանը պետք է ինքնուրույն լուծեն այդ բարդ խնդիրը (Ղարաբաղյան հակամարտությունը – խմբ.)»:
«Չնայած ընտրություններում Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության գնահատականների` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի որոշման վրա հիմնվելու Եվրախորհրդարանի համառ կոչը սադրանքներ և անկարգություններ կազմակերպելու պլանի մի մասն է: Պետք է ենթադրել` նրանք ծայրահեղ հիասթափված են ընտրությունների դրական գնահատականներից հետո սաբոտաժի չհաջողված պլանի` մասնավորապես Ադրբեջանը Լիբիայի կամ Սիրիայի վերածելու փորձի պատճառով»,- նշված է ադրբեջանական պատվիրակության նախագահի հայտարարության մեջ: Նա Եվրախորհրդարանի որոշումը գնահատել է որպես «անկախ հանրապետությանն ուղղված զրպարտություն»:
Հավելենք, որ հոկտեմբերի 23-ին ընդունված Եվրոխորհրդարանի որոշման մեջ նշված է, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, ինպես նաև մտահոգություն է արտահատել մարդու իրավունքների ոլորտի հետ կապված խնդիրների վերաբերյալ: Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ընդդիմադիր ակտիվիստների հետապնդումները` որպես յուրաքանչյուր համաձայնագրի և ռազմավարական համագործակցության վերանայման համար անհրաժեշտ պայման, և անմիջապես ազատ արձակել վերջին ամիսների ընթացքում ձերբակալված 14 ընդդիմադիր գործիչներին և իրավապաշտպաններին «Եվրախորհրդարանն ափսոսանք է հայտնում այն բանի կապակցությամբ, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները, ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի եզրակացության համաձայն, կրկին չեն համապատասխանել ԵԱՀԿ չափանիշներին», - նշված է փաստաթղթում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում