Ա. Լուկաշենկո. «Հայաստանի` Մաքսային միությանը միանալու հարցում պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի կարծիքը»
Հայաստանի Մաքսային միությանը անդամակցության հարցում անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը: «Ռեգնումի» փոխանցմամբ` այս մասին նախօրեին հայտարարել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Հայաստանը ունի չլուծված տարածքային խնդիր, նշանակում է Ադրբեջանի կողմից հարցեր կլինեն: Ինչպես հասկացա, Իլհամ Ալիևը իր ղազախ գործընկերոջն արդեն տվել է նման հարց: Մենք պետք է հաշվի նստենք Ադրբեջանի կարծիքի հետ»,- նշել է Լուկաշենկոն` հավելելով, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը և Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, այնուամենայնիվ, Ադրբեջանը Բելառուսից գնում է նորագույն զինատեսակներ, և Ադրբեջանի հետ փակ թեմաներ չկան:
Խոսելով Հայաստանի հետ համագործակցության մասին՝ Լուկաշենկոն նշել է, որ այժմ Բելառուսը կառուցում է ատոմակայան և փորձում է համաձայնության գալ, որպեսզի Հայաստանը և ՌԴ-ն իրենց փորձից ելնելով օգնեն Բելառուսին:
Նշենք, որ վերջին շրջանում Բելառուսի նախագահը պարբերաբար անդրադառնում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցին՝ տարբեր ակնարկներով ցույց տալով անհամաձայնությունը այդ գործընթացի շտապողականությանը: