Շիրակ Թորոսյան. Վիրահայությունը կքվեարկի «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուի օգտին
Վիրահայությունը կքվեարկի «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուի օգտին: Անդրադառնալով Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
«Վրաստանի նախագահական ընտրություններին մասնակցում են 23 թեկնածուներ որոնցից միայն չորսն է շփվել հայկական շրջանակների հետ, նրանցից երեքը համարվում են ֆավորիտներ: Դրանք են «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուն Գեորգի Մարգվելաշվիլին, Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության` Ազգային միացյալ շարժման կողմից առաջադրված թեկնածու Դավիթ Բաքրաձեն, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն և Վրաստանի Լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին:
«Այդ չորս թեկնածուները ոչ միայն եղել են Ջավախքում, այլև հանդիպումներ են ունեցել, վրացահայ այլ շրջանակների, մասնավորապես`թիֆլիսահայության հետ: Ուսումնասիրելով թեկնածուների քարոզարշավը մենք եկանք այն եզրակացության որ այս թեկնածուները իրենց ազգային փոքրամասնությունների հատ կապված խոստումներում ժուժկալ են եղել: Այսինքն` ազգային փոքրամասնություններին հետաքրքրող խոստումներ գրեթե չեն հնչեցվել»,- նշեց Շիրակ Թորոսյանը:
«Այն թեմաները, որոնք առնչվում են ազգային փոքրամասնությունների խնդիրներին, լեզվին, կրթական գործին, հոգևոր ոլորտին, գրեթե անտեսվել են»,- հավելեց բանախոսը:
Բոլոր թեկնածուները, ըստ Շիրակ Թորոսյանի, շեշտել են այն միտքը, որ ազգային փոքրամասնությունները պետք է տիրապետեն վրացերենին: Նա նշեց, որ իրենք ևս կիսում են այս տեսակետը և համոզված են, որ վրացերենին տիրապետելով , ազգային փոքրամասնությունները պետք է կարողանան ավելի լավ ինտեգրվել, մասնակցել Վրաստանի կառավարմանը:
Սակայն մյուս կողմից , ըստ բանախոսի` Վրաստանը պարտավոր է հարգել փոքրամասնությունների ազգային ինքնությունը ինչպես նաև ազգային լեզվով կրթություն ստանալու իրավունքը:
Անդրադառնալով այն հարցին, թե այնուամենայնիվ, թեկնածուներից ո՞րին է իր ձայնը տալու վիրահայությունը, Շիրակ Թորոսյանը նշեց, որ թե չի կիսում այն տարածված տեսակետը, թե Վրաստանի հայությունը, որևէ կոնկրետ թեկնածուի նկատմամբ դիրքորոշում չունի, և որ որևէ մեկը նրանց համար ֆավորիտ չէ:
«Ես կարծում եմ Վրաստանի հայությունը կկողմնորոշվի և կքվեարկի մեկ թեկնածուի օգտին»,- նշեց Շիրակ Թորոսյանը՝ հավելելով, , թե դատելով Սահակաշվիլիի վարած քաղաքականությունից` կապված ազգային փոքրամասնությունների խնդրի հետ, կարծում է, որ Վրաստանի հայությունը շահագրգռված չի լինի քվեարկելու նրա թեկնածուի օգտին:
Շիրակ Թորոսյանի կարծիքով, վիրահայությունը իր առջև ծառացած խնդիրների լուծումը կկապի իշխող «Վրացական երազանք» դաշինքի հետ և կքվեարկի վերջինս թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի օգտին:
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրությունների արդյունքում նախագահ կընտրվի հնգամյա ժամկետով։
Սահմանադրական փոփոխությունների համաձայն ընտրություններից հետո Վրաստանի փաստացի ղեկավարությունն անցնում է վարչապետին։ Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, սակայն, հայտարարել է, որ մտադիր է հրաժարական ներկայացնել և հեռանալ քաղաքականությունից, եթե իր կուսակցության թեկնածուն ընտրությունների արդյունքում ստանա ժողովրդի քվեն։