ԱՀԿ փորձագետ. Ծննդաբերելը Հայաստանում բավականաչափ անվտանգ է
«Մեկ տարի առաջ Հայաստանի մարզերում անցկացված հետազոտությանն եմ մասնակցել, որի նպատակն էր գնահատել բուժծառայությունների հասանելիությունը: Եղել եմ երեք մարզերում և կարող եմ ասել, որ համակարգը աշխատում է, համակարգն անում է ամեն ինչ, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ստանա որակյալ բուժօգնություն»,- Երևանում ընթացող «Նախածննդյան և հետծննդյան խնամքի որակի և ուղեգրման համակարգի բարելավում» խորագրով աշխատաժողովի ժամանակ հայտարարեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Օլեգ Շվաբսկին:
Փորձագետի խոսքով, կան երկրներ, որոնց համեմատ Հայաստանում բուժօգնության մակարդակը ավելի լավ վիճակում է, քանի որ, օրինակ, բուժօգնությունը ազգաբնակչության համար հասանելի է, գրեթե բոլոր բնակավայրերում կան բուժհաստատություններ: Կան նաև թերություններ, որոնց թվում, մասնավորապես, պարոն Շվաբսկին նշեց ընտանեկան բժիշկների և մանկաբարձների ինստիտուտի ոչ բավարար զարգացված լինելը:
Բայց ամենակարևորը. «Մեր գնահատականով ծննդաբերելը Հայաստանում բավականաչափ անվտանգ է, նորածիններին ու մինչև 1 տարեկան երեխաներին տրվում է համապատասխան օգնություն և աջակցություն, քանի որ Հայաստանում կան լավ մասնագետներ, ժամանակակից սարքավորումներ, կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ և այլն: Մի խոսքով` այլ երկրների համեմատ Հայաստանը շատ վստահ ու լավ դիրք ունի»,- նշեց նա:
Բայց սա այն դեպքում, եթե Հայաստանը համեմատվում է տարածաշրջանային երկրների հետ: Իսկ եթե համեմատում ես եվրոպական երկրների հետ, ապա, ըստ բանախոսի, Հայաստանը ձգվելու տեղ դեռ ունի, որպեսզի հասնի այդ երկրների ցուցանիշներին. «Այս ոլորտում լավագույն ցուցանիշները սկանդինավյան երկրներն են արձանագրել, մասնավորապես և մայրական, և երեխաների մահացության ցուցանիշն է ցածր»,- հավելեց ԱՀԿ փորձագետը:
Նախորդիվ`
Վերջին տարիներին մայրական մահացության և երեխաների հիվանդացության ցուցանիշները նվազել են
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա