Ադրբեջանական ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածել այն մասին, թե Եգոր Շչերբակովը ողջ է
Այսօր ադրբեջանական «1news.az» լրատվական գործակալությունը, հղում կատարելով «Ենի Մուսավաթ» թերթին, տեղեկատվություն է հրապարակել, որը ճշգրիտ լինելու դեպքում, առանց չափազանցության, կարող էր պայթեցնել ռուսական քաղաքական կյանքը. Եգոր Շչերբակովը, որի սպանությունից հետո անկարգություններ սկսվեցին մոսկովյան Բիրյուլևոյում, այսօր իբրև թե բերման է ենթարկվել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանի մաքսային ծառայությունում, երբ վերջինս մտադրվել էր մեկնել Վարշավա: Այդ մասին գրում է «Slon.ru» ռուսական կայքը:
Հաղորդվել է նաև, որ Եգոր Շչերբակովի ընկերուհին` Քսենիա Պոպովը, երկու օր առաջ լքել է Ռուսաստանը և մեկնել Փարիզ: Ըստ «Ենի Մուսավաթ» թերթի աղբյուրների ունեցած տեղեկատվության` քանի որ Ռուսաստանում շարունակվում է այդ հարցի հետ կապված լարված իրավիճակը, «այսպես կոչված սպանության կազմակերպիչները նման կերպ ցանկանում են ապահովել Եգոր Շչերբակովի և նրա սիրուհու անվտանգությունը»:
«Ադրբեջանական պարբերականը հիմնվում է այն փաստի վրա, որ ռուսական մամուլում Եգոր Շչերբակովի թաղման մասին գրեթե չի հիշատակվել և սպանվածի լուսանկարը չի հրապարակվել: Սակայն «Ենի Մուսավաթ» թերթի լրագրողները որևէ հղում չեն կատարում իրենց աղբյուրներին», - նշված է հրապարակման մեջ:
«Պետք է նշենք, որ Եգորին իսկապես շատ արագ են թաղել` հոկտեմբերի 12-ին`սպանությունից հետո երկրորդ օրը: Դրանով էլ բացատրվում է այն, որ մամուլում այդ մասին քիչ են գրել. թաղման արարողությունն ընդհանրապես ոչ մեկին չի հետաքրքրել, Բիրյուլևոյի մասին սկսել են գրել տեղացիների առաջին ցույցից հետո, որը կայացել էր ոստիկանության բաժանմունքի մոտակայքում շաբաթ օրը`Դանիլովյան գերեզմանոցում երիտասարդի հրաժեշտի արարողությունից հետո», - նկատում է հոդվածի հեղինակը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ի գիշերը Մոսկվայի հարավում գտնվող Արևմտյան Բիրյուլևո թաղամասում անհայտ մեկը դանակահարել է երիտասարդի և թաքնվել: Ավելի ուշ այդ հանցագործության մեջ կասկածվելու առիթով բերման է ենթարկվել և ձերբակալվել Ադրբեջանից ժամանած Օրհան Զեյնալովը: Կիրակի օրը` հոկտեմբերի 13-ին, թաղամասի բնակիչները հավաքվել են` պահանջելով հանցագործության վերաբերյալ շուտափույթ հետաքննություն, ինչպես նաև Պոկրովյան բանջարեղենի շուկայի փակում և միգրացիոն քաղաքականության խստացում: Սակայն «ժողովրդական հավաքը» վերափոխվել է անկարգության, որի արդյունքում մոտ 400 մարդ ձերբակալվել է: Չորս երիտասարդների դեմ հարուցվել է քրեական գործ` «խուլիգանության» հոդվածի համաձայն: Սպանության կասկածյալը, ով խռովությունների պատճառ է հանդիսացել, ձերբակալված է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում