ՄԱԿ-ի օրն է. «Ժամանակն է խորհել, թե էլ ինչ կարող ենք անել ավելի լավ աշխարհ կառուցելու մեր տեսլականը կյանքի կոչելու համար»
1945 թվականի հոկտեմբերի 24-ին 51 ստորագրող երկրների կողմից հաստատվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Այդ օրվանից ի վեր ողջ աշխարհը հոկտեմբերի 24-ը տոնում է որպես ՄԱԿ-ի հիմնադրման օր:
ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ ՄԱԿ-Ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի ուղերձ է հղել, որում ասված է.
«Հարգելի բարեկամներ,
ՄԱԿ-ի օրը հնարավորություն է ընձեռում գիտակցելու, թե այս անգնահատելի կազմակերպությունը որքանով է աջակցում խաղաղության պահպանմանն ու համընդհանուր առաջընթացին: Ժամանակն է խորհել, թե էլ ինչ կարող ենք անել ավելի լավ աշխարհ կառուցելու մեր տեսլականը կյանքի կոչելու համար: Սիրիայում ընթացող պայքարը անվտանգության ապահովման մեր ամենամեծ մարտահրավերն է: Միլիոնավոր մարդիկ ապավինում են ՄԱԿ-ի մարդասիրական անձնակազմի կենսափրկարար աջակցությանը: ՄԱԿ-ի փորձագետները ձեռք-ձեռքի աշխատում են Խաղաղության Նոբելյան մրցանակակիր` Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ` Սիրիայում առկա քիմիական զենքի պաշարները ոչնչացնելու համար: Եվ մենք հետամուտ կլինենք, որպեսզի այս չափազանց երկար տևած տառապանքից հետո հարցին տրվի դիվանագիտական լուծում:
Կայուն զարգացման իրականացումը՝ մեր զարգացման ամենահրատապ մարտահրավերն է: Հազարամյակի զարգացման նպատակները կիսով չափ կրճատել են աղքատությունը:
Այս տարի կրկին մենք տեսանք, թե ինչպես ՄԱԿ-ը միավորված ջանքերով անդրադարձավ զինված հակամարտության, մարդու իրավունքների, շրջակա միջավայրի և շատ այլ հարցերի: Մենք շարունակում ենք ցույց տալ, թե ինչի կարող ենք հասնել խմբակային գործունեության շնորհիվ: Մենք կարող ենք անել նույնիսկ ավելին:
Այն աշխարհում որտեղ համացանցային կապն օրեցօր աճում է, մենք պետք է գործենք ավելի միասնական:
Եկեք այսօր, ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ, պարտավորվենք իրականություն դարձնել մեր հիմնադիր իդեալներն ու աշխատենք միասին հանուն խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների»:
Այսօր ՄԱԿ-ն ունի 192 անդամ պետություն: ՄԱԿ-ն ունի չորս նպատակ` պահպանել միջազգային խաղաղությունը և անվտանգությունը, զարգացնել բարեկամական հարաբերություններ ազգերի միջև, համագործակցել միջազգային խնդիրներ լուծելիս ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանք խթանելիս և ազգերի գործողությունները ներդաշնակեցնելու կենտրոն դառնալ: