Ահարոն Ադիբեկյան. Դատավորները ՀՀ նախագահից 2-3 անգամ ավելի բարձր աշխատավարձ են ստանում
«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում աշխատավարձի նվազագույն շեմը, ինչպես նաև սպառողական զամբյուղի չափը: Լյուքսեմբուրգում նվազագույն աշխատավարձի շեմը՝1800 եվրո է, իսկ Մոլդովայում՝ 71»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով սպառողական նվազագույն զամբյուղի և նվազագույն աշխատավարձերի խնդրին, ինչպես նաև պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հարցին նշեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նա նշեց, որ յուրաքանչյուր երկրի կենսամակարդակի փոփոխությանը զուգահեռ փոփոխվում է նաև նվազագույն աշխատավարձի չափը: «Մեր պարտնյոր ՌԴ-ում մեկ շնչին բաժին հասնող միջին եկամուտը կազմում է 111 դոլար, իսկ նվազագույն կենսամակարդակը՝ 220-ը: Այսինքն նվազագույն աշխատավարձը 2 անգամ ցածր է անհրաժեշտ նվազագույն սպառողական զամբյուղից»,-ասաց սոցիոլոգը:
Նրա խոսքերով, ՀՀ-ում աղքատության շեմը մոտ 80 դոլարի է հասնում, այսինքն միջին խավը իր եկամուտներով ընդհուպ մոտենում է աղքատության շեմին: «Այն թոշակառուն, ով ստանում է 18.000 դրամ, գտնվում է աղքատության նվազագույն շեմին շատ մոտ»,-նշեց Ա. Ադիբեկյանը:
Ա. Ադիբեկյանը անդրադառնալով պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման խնդրին նշեց. «Աշխարհում ամենաբարձր վարձատրվողը Սինգապուրի վարչապետն է, ում աշխատավարձը մեկ միլիոն դոլար է, ԱՄՆ-ի նախագահը ստանում է մոտավորապես 400.000 դոլար, իսկ ամենացածր աշխատավարձը ստանում են Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Հայաստանի նախագահները»,-ասաց բանախոսը:
Նրա խոսքերով, ՀՀ-ը իրավունք չունի խնայել կառավարողների վրա, քանի որ դրանով է նաև որոշվում աշխատանքի արդյունավետությունը: «Մեր մոտ ամենաբարձր աշխատավարձը դատական համակարգում է և մեզ մոտ դատավորը մոտ 2-3 անգամ ավելի բարձր է ստանում, քան մեր երկրի նախագահը»,-նշեց Ա. Ադիբեկյանը: