«Azpolitika.info». Ադրբեջանի պաշտպանության նոր նախարարը նախիջևանյան կլանի ռուսամետ կադր է
«Նախիջևանյան» և «փաշաևյան» կլանների միջև պայքարն Ադրբեջանի նախագահական ընտրություններում ավարտվել է վերջինի պարտությամբ: Դա պարզ է դարձել կառավարության նոր կազմի հրապարակումից հետո: Բացի այն, որ նախիջևանցիները պահպանել են իրենց նախարարական պաշտոնները, նրանց միացել են ևս երկուսը`Զաքիր Հասանովը, ում համարում են Ռամիզ Մեհտիևի կողմնակից, և աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սելիմ Մուսլիմովը, ով Արտակարգ իրավիճակների նախարարության նախիջևանցի ղեկավար Քեմալեդդին Հեյդարովի մտերիմն է: Այդ մասին գրում է «Azpolitika.info» կայքը:
«Կառավարության նոր կազմի ամենանշանակալի փոփոխությունն, անկասկած, պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հրաժարականն է: Այդ պաշտոնում նշանակված Զաքիր Հասանովը «նախիջևանյան» կլանի կադր է համարվում: Տվյալ կլանը տարիներ շարունակ փորձել է վերահսկողության տակ վերցնել Պաշտպանության նախարարությունը և, վերջապես, նպատակն իրականացված է: Պաշտպանության նախարարությունը զբաղեցնելով`«նախիջևանյան կլանն» ինքն իրեն «հավերժություն» է ապահովել, իսկ նրանց մրցակիցը` «փաշաևյան կլանը» կորցրել է սեփական դիրքերը: Նախիջանցիներն այդ կերպ պայքարից դուրս են եկել ոչ միայն առանց կորուստների, այլ նաև ամբողջապես ազատվել են «սև ամպերից», որ կային իրենց գլխավերևում»,- նշում է կայքը:
Կայքը գրում է, որ ՆԱՏՕ-ի արևմտամետ հետևորդ Սաֆար Աբիևի փոխարեն պաշտոնում ռուսամետ Զաքիր Հասանովի նշանակումը խոսում է Ադրբեջանի իշխանության քաղաքական ուղղության փոփոխման մասին, որտեղ մեծ դերակատարություն է ունեցել նախիջևանյան կլանի «կնքահայր» Ռամիզ Մեհտիևը: «Հավանաբար ընտրություններից հետո Արևմուտքից միայն քննադատություն լսելով` իշխանությունը որոշել է հայացքը դեպի Հյուսիս ուղղել: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրություններից առաջ Բաքու հենց այնպես չէր այցելել»,- նշում է կայքը: