Դումանյան. Զգալիորեն կբարձրանան առողջության առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձերը
Հաջորդ տարի զգալիորեն կբարձրանան առողջության առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձերը: Նման խոստում այսօր Կոտայքի մարզում տվել է առողջպահության նախարար Դերենիկ Դումանյանը, ով մասնակցել է Ակունք, Վերին Պտղնի և Ներքին Պտղնի համայնքների առողջության առաջնային պահպանման ծառայությունները կստանան նորակառույց կենտրոնների բացմանը։
ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Դումանյանը մաղթել է, որպեսզի կենտրոնների բացումը նպաստի ծնունդների աճին, հիվանդացության նվազմանը և մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը:
«Առաջիկայում հանրապետությունում սկրինինգային մեծ ծրագիր ենք սկսելու, որի շրջանակներում մեր ամբուլատորիաները լրացուցիչ սարքավորումներ կստանան, կընդլայնվեն հետազոտությունների ծավալները»,-ասել է նախարարը, ավելացնելով, որ մինչև տարեվերջ Կոտայքի մարզում նորակառույց ևս մեկ ամբուլատորիա կբացվի:
«Այս ծրագրով 2013թ.-ին հանրապետությունում արդեն շահագործման է հանձնել 13 նորակառույց պոլիկլինիկա։ Եվս վեցի շինարարությունը կսկսենք խնայված միջոցների հաշվին»,-ասել է նախարարը` նշելով, որ մեծ թափով ընթանում են նաև Աբովյանի, Ալավերդու, Բերդի, Կապանի բժշկական կենտրոնների վերակառուցման և արդիականացման, Մեղրիի ԲԿ-ի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները։
Մինչև տարեվերջ կսկսվեն նաև Վանաձորի հիվանդանոցի նոր շենքի, Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ու Ճամբարակի ԲԿ-ի հիմնանորոգման աշխատանքները։