Հ.Նաղդալյան. Բանաձևում սպրդած մտքերը վտանգավոր են և հղի խաղաղ գործընթացի վրա ազդող անկանխատեսելի երևույթներով
«Եվրախորհրդարանի ոչ հայանպաստ բանաձևի հայտնությունը, թերևս, բացատրվում է վերջերս բավականին տարածված մի թեզով, թե իբր Եվրոպան ճնշում չի բանեցնում: Իհարկե, չի բանեցնում, ընդամենը լինում են պահեր, երբ «մի փոքր» հակասում է ինքն իրեն, քանզի վաղուց հայտնի է ԵՄ-ի պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Թեև հայտնի է նաև հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մանդատ ունեցող մասնագիտացված մարմինը` ԵԱՀԿ Մինսկի խումբը և Մինսկի խմբի համանախագահների մոտեցումները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:
Նրա խոսքով, երկարամյա աշխատանքի ընթացքում համանախագահները ոչ միայն խորապես ուսումնասիրելով հակամարտության բնույթը և պատմությունը` առաջարկներ, սկզբունքներ են մշակել և մշակում, այլև ամենայն համբերատարությամբ և զգուշավորությամբ պահպանում են փխրուն խաղաղությունը, զինադադարը և աշխատում հավասարակշիռ պահվածքով (շատ հաճախ մեզ դուր չեկող) չեզոքացնել կարգավորման գործընթացի վրա բացասական ազդեցությունները և թույլ չտալ գործընթացի խաղաղ բնույթի վտանգում.
«Այս իմաստով, ԵԽ-ի «Արևելյան գործընկերությանը» նվիրված բանաձևում սպրդած մտքերը, առաջին հերթին, ընդունվել են այս փիլիսոփայությունից դուրս և հաշվի չառնելով, ուստի վտանգավոր են և հղի խաղաղ գործընթացի վրա ազդող անկանխատեսելի երևույթներով: Չէ որ բազմաթիվ են օրինակները, երբ այս կամ այն ատյանում որոշակիորեն «խավիարանավթային» հայտնի գործիքարանը կիրառելով, հավասարակշիռ մոտեցումից մի որևէ` գործուն կամ ֆորմալ բնույթի երանգով տարբերվող գրավոր կամ բանավոր «козырь» կորզելուց ոգևորված` անմիջապես մի որևէ սադրանք են կազմակերպում սահմաններում: Եվ նորանոր զոհեր` ինչպես զինծառայողների, այնպես էլ խաղաղ բնակիչների միջև: Ո՞ւմ վրա է սրա պատասխանատվությունը»,- հետաքրքրվեց Հերմինե Նաղդալյանն ու ավելացրեց` հեռավոր եվրոպաներում ինչ-ինչ շարժառիթներով ղեկավարվելով որոշումներ կայացնելիս ինչու այդ մասին չեն մտածում.
«Ցավալի է, երեկ նորից մենք զոհեր և վիրավորներ ենք ունեցել, կա արդյո՞ք կապ: Չգիտեմ: Բայց կուզեի, որ հարգարժան պատգամավորները, եթե անդրադարձել էին այս թեմային, խոսեին ոչ թե 20 տարվա հնության երևույթների և փաստաթղթերի մասին, որոնք բացարձակ այլ պայմաններում և այլ նպատակներով են ընդունվել` ընդունվել են պատերազմական գործողությունների ժամանակահատվածում դրանք դադարեցնելու նպատակով, ապա գոնե անդրադառնային այսօրվա իրողություններին: Ասենք, օրինակ, դիպուկահարների հեռացման կամ մարդկանց համար կենսական նշանակություն ունեցող մեկ այլ հարցի, բայց…»:
ՀՀԿ-ական փոխխոսնակը կարծիք հայտնեց, որ այդ փաստաթղթի պատվերը իրագործվել է մեկ փաթեթով Ադրբեջանում կայացած որևէ միջազգային ստանդարտին չհամապատասխանող, աղաղակող, խայտառակ խախտումներով ընտրությունների մասին հիացական, գովաբանող կարծիքների հետ միասին. «Ըստ երևույթին, «մեկ պատուհանի» սկզբունքով, իրականացվել է նաև հարակից «թղթերի» վճարում»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան