«ISIS» Իրանը մեկ ամսվա ընթացքում ի վիճակի կլինի ատոմային ռումբ ստեղծել
«Իրանը ունակ է մեկ ամսվա ընթացքում ուրանի հարստացման ծավալները հասցնել բավարար մակարդակի, որպեսզի միջուկային ռումբ ստեղծի»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նշված է ամերիկյան «Գիտություն և միջազգային անվտանգության ինստիտուտի» հրապարակած զեկույցում:
Իրանական աղբյուրը, անդրադառնալով վերոնշյալ զեկույցին, նշում է, որ նմանատիպ բովանդակությամբ զեկույց այն դեպքում է հրապարակվում, երբ օրեր առաջ Ժնևում դրական մթնոլորտում միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև տեղի ունեցան հերթական բանակցությունները:
Շարունակելով թեման, «ՖԱՐՍ»-ի մեկնաբանը հավելում է. «Գիտություն և միջազգային անվտանգության ինստիտուտը» կենտրոնացված է Իրանի միջուկային ծրագրի վրա և հիմնականում Իսրայելի հատուկ ծառայությունների դիրքորոշման արտահայտման հարթակ է հանդիսանում»:
Նկատենք, որ հոկտեմբերի 16-17-ը Իրանի միջուկային խնդրի շուրջ Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև տեղի ունեցավ հերթական հանդիպումը: Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեյ Քարին, անդրադառնալով միջուկային խնդրի լուծման վերաբերյալ Իրանի ներկայացրած նոր նախագծին, նշել էր, որ դա լուրջ և չափազանց օգտակար նախագիծ էր:
Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Իրանի և «5+1 խմբի» առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 7-8-ը՝ Ժնևում: