«Коммерсантъ». Թուրքիան, Սիրիան ու Հնդկաստանը Մաքսային միությունո՞ւմ
Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նստաշրջանի ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը առաջարկել է վերացնել Եվրասիական տնտեսական ընկերակցությունը (ԵվրԱզԷՍ), իսկ Մաքսային միությունն ընդլայնել՝ ներառելով Սիրիային և Թուրքիային։ ՌԴ նախագահը սատարել է նրան` տեղեկացնելով, որ Հնդկաստանը ևս Մաքսային միության հավանական անդամ է: Ներկայացնելով մանրամասներ նախօրեին տեղի ունեցած նստաշրջանից` «Ինտեգրացիոն գործընթացներ» վերտադությամբ հոդվածում այս մասին գրել է «Коммерсантъ»-ի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։
Ստորև որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացնում ենք հոդվածը.
«Մինսկում անկախության նոր Պալատը (Բելառուսի նախագահական նստավայրը) նման է Աստանայում, նաև Աշգաբադում նույնանման պալատներին՝ չափերով, ձևերով, հատկապես հավակնություններով։
Ահա այս պալատում Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները մինչ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի աշխատանքների սկիզբը առանձնազրույց են ունեցել մոտ երկու ժամ։ Հայտնվելով նիստերի դահլիճում` Ալեքսանդր Լուկաշենկոն բավական ցինիկ ձևով խոստովանեց, որ Վլադիմիր Պուտինի և Նուրսուլթան Նազարբաևի հետ «անսպասելիորեն քննարկել է ողջ օրակարգը»։
-Ես չեմ ակնարկում, որ այլևս այն պետք չէ քննարկել,-հավելեց նա։ Չնայած դա ոչ թե ակնարկ էր, այլ պնդում:
Հանկարծ պարզվեց, որ կյանքը Մաքսային միությունում այնքան էլ հրաշալի չէ դրա մասնակիցների համար։
-Համատեղ առևտրում թերություններն ու սահմանափակումները ոչ միայն չեն կրճատվել, այլ անգամ ավելացել են։ Կան նաև շատ այլ խնդիրներ։ Սա միջպետական կառույց չէ, այլ համատեղ կառավարման մարմին, որն ամեն օր պետք է որոշումներ կայացնի,- գործընկերներին տեղեկացրեց պարոն Լուկաշենկոն:
Այդ տարբերությունը նա ամեն անգամ հատուկ ընդգծում է՝ ակնհայտորեն զգուշանալով, որ ինչ-որ պահի այն կարող է աստիճանաբար ջնջվել և վաղը ոչ ոք չի հիշի, որ Բելառուսը Եվրասիական տնտեսական միությունում հանդիսանում է անկախ պետություն և ունի նախագահ։
-Լավ է, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը, սակայն մյուս կողմից մեզ համար ոչ օտար Ուկրաինան ձգտում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին։ Պետք է մտածել, որ Ուկրաինան ևս չփակի Մաքսային միությանը մասնակցելու ճանապարհը,-ընդգծեց նա։
Ի դեպ, Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահների «Մեծ եռյակից» առաջինն էր, ով չբացառեց, որ Ուկրաինան կարող է միաժամանակ ասոցացվել ոչ միայն ԵՄ-ին, այլև ՄՄ-ին։ Կամ էլ չմտածեց, թե ինչ է ասում։
Նուրսուլթան Նազարբաևը, սովորության համաձայն, ձևակերպեց փիլիսոփայաբար.
-Ցանկացած պետություն ինտեգրման է գնում այն պատճառով, որ միայնակ չի կարող լուծել խնդիրները։
Սակայն, նա նույնպես հայտարարեց, որ ապրանքների ազատ տեղաշարժը խստացրել է դրանց մրցակցությունը Ղազախստանի տարածքում, և չի կարելի ասել, որ Ղազախստանը դրանից ինչ-որ բան է շահել։
Քանի որ Վլադիմիր Պուտինն այդ առնչությամբ լռեց, կարելի է ենթադրել, որ Մաքսային միությունից միայն Ռուսաստանը ոչինչ չի կորցրել, որի համար մաքսատուրքերից զերծ առևտրի նոր շուկաներ են բացվել։
-Մեզ առաջարկում են առաջ, շատ ավելի առաջ գնալ։ Բայց... եկեք դեռևս անենք այն, ինչ պայմանավորվել ենք։ Թե չէ ռուս գործընկերները, որոնք դա առաջարկում են, մասնակցում են իրենց կառավարությունների նիստերին, ստանում են առաջադրանքներ, չնայած Եվրասիական հանձնաժողովի անդամները չպետք է վերահսկվեն իրենց երկրների կառավարությունների կողմից։
Մեզ առաջարկում են անհապաղ ստորագրել այս կամ այն փաստաթուղթը։ Եկե՛ք անենք փուլ առ փուլ։ Սակագները որոշված չեն, էներգետիկայի հարցը որոշված չէ։ Ո՞վ է մեզ շտապեցնում։ Կամ այժմ մեզ առաջարկում են, օրինակ, ստորագրել ֆինանսական հարցերում հանձնաժողովի լիազորությունների ընդլայնման օգտին։ Իսկ մենք անգամ չգիտենք ինչի մասին է խոսքը,-ասաց Նազարբաևը։
Ընդհանուր առմամբ՝ Նուրսուլթան Նազարբաևը ցույց տվեց, որ Ղազախստան պատրաստ չէ շտապ և անգամ կայծակնային ինտեգրմանը:
Դրանից հետո Նուրսուլթան Նազարբաևն ուշադրություն դարձրեց ԵվրԱզԷՍ-ին, որը մինչ այժմ գոյություն ունի, սակայն դրա գոյությունն արդեն անհեթեթ է։ Դրանից դուրս գալով Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանն արդեն ստեղծել են Մաքսային միությունը, իսկ ԵվրԱզԷՍ-ին անդամակցող Ղրղզստանն ու Տաջիկստանը մեկուսացված են զգում։ Նրանց հերթական անգամ դեպի ավելի մեկուսացում հրեց Նազարբաևը.
-Այդ կառույցը պետք է փակել, դա հստակ է։ Ճիշտ է, 134 միջազգային պայմանագիր է ստորագրվել... գուցե դրանք կրկին ընդունենք...
Նուրսուլթան Նազարբաևն, իր խոսքը սկսելով փիլիսոփայորեն, կտրուկ հայտարարեց.
-Լսել եմ, որ շատերն ասում են, թե Սիրիան ցանկանում է Մաքսային միություն մտնել։ Երբ ես լսեցի դա, իհարկե ցնցվեցի։ Սակայն հետո մտածեցի և եկա մխիթարական եզրակացության։ Միայն առաջին հայացքից անհավանական թվացող նման իրավիճակում բացվում է անսպասելի հնարավորություններ։ Բացի այնտեղ առանցք մաքսատուրքերի զենքի մատակարարումից և այնտեղից ուղտերի և ավանակների ներմուծումից կարող ենք խոսել իրական ինտեգրման մասին: Ճիշտ է, ստիպված կլինենք պատերազմել ապստամբների դեմ, իսկ հետո մասնակցել Սիրիայի ավերված ժողովրդական տնտեսության վերականգնմանը: Սակայն այդ բոլոր մանրուքները վերանում են՝ Մաքսային միության մասնակիցների բանակցային սեղանի շուրջ օրինական ընտրված նախագահ Բաշար Ասադին տեսնելու հնարավորության առջև,-ասաց նա։
Սակայն դա վերջը չէր։
-Թուրքիայի վարչապետ Էրդողանը դիմել է ինձ. հնարավոր չէ՞ Թուրքիային էլ ներառել Մաքսային միություն,- հայտարարել է Նազարբաևը,- Թուրքիան մեծ երկիր է, մենք նրա հետ ընդհանուր սահման ունենք։ Եվ քննադատություններն էլ կվերանային, թե չէ Արևմուտքում ուր էլ լինես հարցնում են՝ ի՞նչ է, դուք Խորհրդային Միությո՞ւնն եք վերականգնում։ Գուցե Թուրքիային էլ ընդունենք և վերջ, բոլոր քննադատությունները կվերանան։
Ճիշտ է, կհայտնվեն նորերը։
Թուրքիայի ձգտումը անդամակցել Մաքսային միությանը մարդկայնորեն հասկանալի է. գլխավորը` Հայաստանից առաջ անցնել։
Թվում էր, թե Վլադիմիր Պուտինը կփորձի խելքի բերել Նուրսուլթան Նազարբաևին: Եվ Վլադիմիր Պուտինն ասաց, որ չի կարելի քանդել նորմատիվ իրավական հիմքը, որի վրա կանգնած է ԵվրԱզԷս-ը։
-Այլապես մենք կխաթարենք Մաքսային միության իրավական համակարգը։ Հնարավոր է՝ պայմանագրերի մի մասը կվերաստորագրվեն, սակայն չի կարելի ամեն ինչ վերցնել և փակել։
Սակայն դատելով Նուրսուլթան Նազարբաևի վառվռուն աչքերից՝ հնարավոր է։
-Ձեր խոսափողը չի աշխատում,-հանկարծ Պուտինին բղավեց Նազարբաևը՝ այնքան հնչեղ, կարծես իր խոսափողն էլ չէր աշխատում։
-Մեզ մոտ ամեն ինչ աշխատում է,- նեղացած ասաց Լուկաշենկոն։
-Ես բարձր կխոսեմ,-ասաց Վլադիմիր Պուտինն աշխատող խոսափողով։
-Չի աշխատում,-պնդեց Նազարբաևը։
-Այստեղ վերահսկվում է, պատի հետևից, և աշխատում է,- պնդեց Ալեքսանդր Լուկաշենկոն։
-Տեսնում եք, պատի հետևից ամեն ինչ վերահսկվում է,- բազմանշանակ հավելեց Պուտինը։
-Չի վերահսկվում, չի աշխատում,- բարբաջեց Նազարբաևը:
Այժմ հասկանալի է, թե ինչպես են նրանք երկու ժամ բանակցում, սակայն պայմանավորվել չեն կարողանում։
Վլադիմիր Պուտինը հերթական անգամ վերցնելով խոսափողը ցուցադրեց իր աշխարհաքաղաքական հավակնությունները։ Նա հայտարարեց, թե նախօրեին զրուցել է Հնդկաստանի վարչապետի հետ, և վերջինս ասել է, որ Հնդկաստանը շատ կցանկանար Մաքսային միության հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել:
Իսկ հեռանկարում, հավաբար, նաև անդամակցել։
Այդպես երեկ նիստի ընթացքում անսպասելիորեն ուրվագծվեց Թուրք-Սիրիա-Հնդկա-Խորհրդային միությունը»։