Ավետարանոց գյուղում բացվեց Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Ավետարանոց գյուղում մասնակցել է Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմիտեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ մեր պարտքն է միշտ հիշել մեր մարտիրոսների սխրանքն ու հերոսությունը, անել հնարավորը, որպեսզի իրականացնենք նրանց իղձերն ու ցանկությունները, որոնց թվում ամենանվիրականը ազատ, անկախ պետությունն է և նրա շարունակական զորացումը:
Նախագահ Սահակյանի խոսքով` այս հուշահամալիրը պետք է դառնա ուխտատեղի՝ անցյալը հիշելու, մեր հերոսներով հպարտանալու և, այսպիսով, ապագայի հանդեպ լավատեսությամբ ու հույսով լցվելու համար:
Այնուհետև երկրի ղեկավարը պետական պարգևներ է հանձնել գյուղի մի խումբ ազատամարտիկների:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: