Վանաձորի մանկավարժական ինստիտուտի և Պոլիտեխնիկի մասնաճյուղի միավորումը. Ո՞ր փուլում է հարցը
Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտն ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի(ՀՊՃՀ) Վանաձորի մասնաճյուղը միավորելու վերաբերյալ նախագիծը դեռ քննարկումների փուլում է, ասում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա հստակ ժամկետներ չկարողացավ ասել, բայց նշեց, որ բուհերի խոշորացման ծրագիր, որպես այդպիսին, նախարարության քաղաքականության մեջ կա, որն, ըստ նրա, նպաստելու է կրթության որակի բարձրացմանը, նյութատեխնիկական բազայի հզորացմանը:
Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր Սուսաննա Թումայանը Panorama.am-ի թղթակցին ասաց, որ մամուլում տարածված տեղեկություններին, թե 2014 թվականի հունվարից այս երկու բուհերը միավորվելու են, մեկնաբանություն չունի: «Մենք նման իրողությանը ծանոթ չենք, ասեկոսեներից այն կողմ դա չի անցել: Մենք լիազոր մարմնից որևէ հրահանգ, բանավոր կամ գրավոր, չենք ստացել, բայց անընդհատ մամուլը և ժողովրդական բանահյուսությունը դա թմբկահարում է»,- ասաց պրոռեկտորը:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի(ՀՊՃՀ) Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը կարծում է, որ նման որոշում ընդունելու համար նախ հարկավոր է, որ քննարկումներ լինեն աշխատակազմի, ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի հետ: «Մեր կոլեկտիվը, գիտխորհուրդը իր կարծիքը տվել է, որ մենք միացման գաղափարին դեմ ենք, որովհետև լրիվ տարբեր ծրագրեր են իրագործում, սա ճարտարագիտական կրթություն է տալիս»,- ասաց տնօրենը:
Այն, որ շահագրգիռ բոլոր կողմերը պետք է ներառվեն քննարկումներին, ասում է նաև Արթուր Բաղդասարյանը. «Բոլոր շահագրգիռ կողմերը մասնակցելու են քննարկմանը: Ես գիտեմ, որ քննարկումներ եղել են նաև ռեկտորների և տնօրենների հետ: Այս պահին չեմ կարող ասել քննարկումները որ մակարդակում են, բայց բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումներ եղել են և լինելու են»:
Նկատենք, որ 2014թ. հունվարի այս կրթական հաստատությունների միավորման մասին «ժողովուրդ» օրաթերթին ահազանգած ուսանողները հայտնել էին, որ մանկավարժականը գործելու է ճարտարագիտական համալսարանի շենքում` Վանաձորի Բազում թաղամասում:
Մեկնաբանելով այս տեղեկությունը, ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը նկատեց, որ կրթության մասին օրենքի համաձայն, մեկ ուսանողի համար պետք է 8 քմ մակերեսով տարածք լինի, իսկ իրենց մոտ այս պահին 7,8 քմ է: «Այսինքն, դեռ մեր ինստիտուտի համար տարածքը չի բավարարում, ես չգիտեմ, եթե նման հարց դրվի… Ես կարող եմ հաստատ ասել, որ տարածքը նույնիսկ մեզ չի բավարարում»,- ասաց նա:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած ուսանողները դժգոհել էին, որ ճարտարագիտական համալսարանի շենքը զուրկ է տարրական կոմունալ հարմարություններից, իսկ ձմռանը ցուրտ է լինում: «Նույնիսկ ուսանողներ կան, որոնք համալսարան հասնելու համար ստիպված են լինելու երկու տրանսպորտ փոխել»,- գրել էր թերթը:
Նյութեր թեմայով`
Պրոռեկտորը` Վանաձորի մանկավարժականի շենքի հյուրանոց դառնալու մասին. Ժողովրդական բանահյուսություն է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները