Եգոր Շչերբակովի «ողջ» լինելու մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած ապատեղեկատվությունը վրդովել է քննիչներին
Ռուս քննիչները հերքել են նախօրեին ադրբեջանական լրագրողների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Եգոր Շչերբակովը, ում սպանությունից հետո սկսվեցին անկարգությունները մոսկովյան Բիրյուլևոյում, կենդանի է: Նրանք վրդովված են լրագրողների` իրենց հայրենակից Օրհան Զեյնալովին քրեական հետապնդումից փրկելու նմանատիպ տարօրինակ փորձից, գրում է «Московский комсомолец» թերթը:
«Այդ տեղեկատվությունն իր աբդսուրդության պատճառով նույնիսկ մեկնաբանության կարիք չունի: Եգոր Շչերբակովի մահը պաշտոնապես հաստատվել է, նրա թաղման վայրը գիտեն իր հարազատները», - «Московский комсомолец» թերթին հայտնել են Ռուսաստանի Քննչական հանձնաժողովի ներկայացուցիչները:
Ռուսական հրապարակումը նաև կապված է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթի խմբագրության հետ, որն առաջինն էր տարածել «Շչերբակովի կենդանի լինելու» մասին տեղեկատվությունը: Խմբագրությունում կրկին պնդեցին սեփական վարկածը` հայտնելով, որ «իրենց տվյալները հուսալի են»: «Մենք ենթադրում ենք, որ Եգորը հավանաբար կենդանի է», - կտրուկ հայտարարել է պարբերականը:
«Российская газета»-ն հայտնում է, որ Վնուկովո օդանավակայանի մամլո ծառայությունը չի հաստատել ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե մոսկովյան օդանավակայանում իբրև թե «Եգոր Շչերբակովին նման» մարդ են ձերբակալել:
«Տգեղ են վարվում», - լրագրողների աշխատանքը մեկնաբանել է ընկերության մամլո քարտուղար Ելենա Կրիլովան:
Հանրահայտ ռուս բլոգեր Ռուստեմ Ադագամովն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Եգոր Շչերբակովի մանկության ընկերուհի Լարիսա Յակովլովայի մեկնաբանությունը. վերջինս ներկա է գտնվել սպանված երիտասարդի թաղմանը:
«Իր խոսքերով` այնտեղ միայն մոտ ընկերներ և բարեկամներ են եղել, ոչ ոք չի լուսա-տեսանկարահանել: Բոլորը շատ զարմացած և վրդովված են Վնուկովոյում իբրև թե Եգորի ձերբակալման մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության պատճառով: Կարող եք ինքներդ կապվել Լարիսայի հետ, նա տվել է դրա թույլտվությունը», - գրում է Ադագամովը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ի գիշերը Մոսկվայի հարավում գտնվող Արևմտյան Բիրյուլևո թաղամասում անհայտ մեկը դանակահարել է երիտասարդի և թաքնվել: Ավելի ուշ այդ հանցագործության մեջ կասկածվելու առիթով բերման է ենթարկվել և ձերբակալվել Ադրբեջանից ժամանած Օրհան Զեյնալովը: Կիրակի օրը` հոկտեմբերի 13-ին, թաղամասի բնակիչները հավաքվել են` պահանջելով հանցագործության վերաբերյալ շուտափույթ հետաքննություն, ինչպես նաև Պոկրովյան բանջարեղենի շուկայի փակում և միգրացիոն քաղաքականության խստացում: Սակայն «ժողովրդական հավաքը» վերափոխվել է անկարգության, որի արդյունքում մոտ 400 մարդ ձերբակալվել է: Չորս երիտասարդների դեմ հարուցվել է քրեական գործ` «խուլիգանության» հոդվածի համաձայն: Սպանության կասկածյալը, ով խռովությունների պատճառ է հանդիսացել, ձերբակալված է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում